Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Շատերի համար այս արտահերթ ընտրությունների արդյունքները սպասելի էին, ոմանց համար՝ անսպասելի: Շատերի համար այս արտահերթ ընտրությունների արդյունքները չափազանց հաճելի էին, ոմանց համար՝ չափազանց տհաճ: Շատերի համար Հայաստանի Ազգային ժողովի այս արտահերթ ընտրություններն ազատ ու արդար էին, ոմանց համար՝ ոչ:
Այսուհանդերձ, չենք կարող չնկատել ու չնշել, որ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այս ընտրություններն էապես էին տարբերվում նախորդներից: Բայց, տարբերվելով հանդերձ, Ազգային ժողովի այս ընտրությունները շատ կողմերով նման էին Հայաստանի Ազգային ժողովի նախորդ բոլոր ընտրություններին: Առաջին հերթին նկատի ունենք պատգամավորի թեկնածուների՝ պատգամավոր դառնալու անսպառ ու անզուսպ մոլուցքը:
Այո, պատգամավոր դառնալու, այլ ոչ թե ընտրվելու, որովհետեւ գաղտնիք չէ, եւ բոլորս գիտենք, թե մեր Ազգային ժողովի ընտրություններում ինչպիսի մեծ տեղ են գրավել եւ ինչպիսի վճռական նշանակություն են ունեցել ընտրակաշառքն ու ընտրակեղծիքները, եւ դրանց բացակայության դեպքում մեր շատ պատգամավորներ հազիվ թե պատգամավոր դառնային: Ասվածը հիմնականում վերաբերում է օլիգարխ ու գործարար պատգամավորներին, ովքեր պատգամավորական մանդատի շնորհիվ ոչ միայն պահպանել են իրենց ունեցվածքն ու կարողությունը, այլեւ հնարավորինս ավելացրել ու բազմապատկել են դրանք: Իսկ որ մեր Ազգային ժողովը մշտապես լեփ-լեցուն է եղել օլիգարխ ու գործարար պատգամավորներով, դա բոլորին է հայտնի: Եվ բոլորին հայտնի են նաեւ վերոհիշյալ պատգամավորների մականունները, եւ ժողովուրդը նրանց ավելի շատ մականուններով է ճանաչում, քան իրենց անձնագրային անուններով ու ազգանուններով:
Մարդիկ, ովքեր քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեն, եւ պատահական չէ, որ տարիներ շարունակ լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ Ազգային ժողովի ամբիոնից երբեւէ ելույթ չեն ունեցել, եւ չնայած այս մականունավոր պատգամավորները մշտապես խորշում են Ազգային ժողովի ամբիոնից, մշտապես տենչում են Ազգային ժողովի պատգամավորության:
Թվում էր, թե իրականում հակառակը պիտի լիներ, եւ քանի որ Ազգային ժողովի պատգամավորներին արգելվում է զբաղվել բիզնեսով, պիտի որ պարոնայք մականունավոր օլիգարխներն ու գործարարներն իրենց հնարավորինս հեռու պահեին Ազգային ժողովից ու պատգամավորությունից: Բայց ոչ միայն իրենց հեռու չեն պահում քաղաքականությունից ու պատգամավորությունից, այլեւ սողոսկում են կուսակցությունների մեջ, եւ, բնականաբար, հիմնականում համալրում են իշխող կուսակցությունների շարքերն ու նախընտրական ցուցակները, եւ, իհարկե, հիմնականում տվյալ պահին իշխող կուսակցության շարքերն ու ցուցակները եւ, ըստ ամենայնի, նաեւ այս կամ այն կերպ աջակցում ու ֆինանսավորում են տվյալ կուսակցությանը, որպեսզի իրենց պատգամավորության հարցը հարյուր տոկոսով լուծվի: Եվ լուծվում է: Ավելի ճիշտ՝ լուծվել է: Մինչ այժմ: Իսկ թե սրանից հետո ինչպես կլինի՝ ժամանակը ցույց կտա: Հայաստանում այդպես է եղել: Մանավանդ՝ վերջին տարիներին: Իսկ թե նախկին խորհրդային հանրապետություններում անկախությունից հետո ինչպես է եղել՝ ստույգ չենք կարող ասել:
Ստույգ կարող ենք ասել, որ Ռուսաստանում կամ, ասենք, Վրաստանում մականունավոր օրենքով գողերն ու հեղինակություններն ավելի շատ են, քան Հայաստանում, բայց նաեւ ստույգ կարող ենք ասել, որ, ի տարբերություն մեր Ազգային ժողովի՝ Ռուսաստանի Պետդուման կամ Վրաստանի պառլամենտը լեփ-լեցուն չեն մականունավորներով ու թաղային հեղինակություններով:
Ռուսաստանում, օրինակ, մարդը կարող է պատգամավոր չլինել, բայց բիզնեսում մեծ հաջողության հասնել: Նույնիսկ օտարերկրացիներն ու այլազգիներն այդ հնարավորությունն ունեն: Մեր գործարար հայրենակից Սամվել Կարապետյանն ապրելով ու աշխատելով Ռուսաստանում՝ մեծ հաջողությունների է հասել: Չեմ կարծում, թե նա երբեւէ փորձել է Պետդումայի պատգամավոր դառնալ: Որովհետեւ դրա կարիքն ամենեւին չի եղել: Նույնը կարող եմ ասել մեր գործարար հայրենակից Ռուբեն Վարդանյանի կապակցությամբ: Մինչդեռ Հայաստանում դժվարանում եմ հիշել օլիգարխի ու գործարարի, որը ո՛չ Ազգային ժողովի պատգամավոր եղած լինի եւ ոչ էլ իշխող կուսակցության անդամ, բայց իր բիզնեսն ու գործերը հաջողությամբ առաջ տարած ու հարստացած լինի: «Գրանդ հոլդինգի» սեփականատերերն ու հատուկենտ էլի մի քանիսը թերեւս երջանիկ բացառություններ են, եւ էս բացառությունները վկայում են, որ ցանկության դեպքում Հայաստանում նույնպես հնարավոր է բիզնեսն անջատել քաղաքականությունից:
Ասածներիցս կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը հարստություն կուտակելու եւ կուտակած հարստությունը պահպանելու լավագույն միջոց է եղել, եւ մեծապես նաեւ դա է պատճառը, որ մեր օլիգարխները, գործարարներն ու մականունավոր թաղային հեղինակությունները հատկապես վերջին տարիներին ձգտել ու տենչացել են Ազգային ժողովի պատգամավոր դառնալ: Այո, ոչ թե պատգամավոր ընտրվել, այլ դառնալ: Ու նաեւ դա է պատճառը, որ Ազգային ժողովի մեր ընտրությունները «համեմված» են եղել ընտրակաշառքով ու ընտրակեղծիքներով:
Հուսով ենք, որ նոր Հայաստանում բիզնեսն իսկապես տարանջատված կլինի քաղաքականությունից:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2018