Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունից հետո Հայաստանում մենք տեսնում ենք կառավարման ոլորտում ավելի թափանցիկ աշխատելու ցանկություն»

Դեկտեմբեր 15,2018 14:30

Ո՞ւր է գնում Հայաստանը «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցության ոլորտում

«Հեղափոխությունից հետո Հայաստանում մենք տեսնում ենք կառավարման ոլորտում ավելի թափանցիկ աշխատելու ցանկություն»,- «Առավոտի» հարցին՝ հեղափոխությունից հետո Հայաստանի հետ համագործակցության ոլորտում ԵՄ-ի մոտեցումները եւ դիրքորոշումը փոխվե՞լ են, մասնավորապես «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, այսպես պատասխանեց Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ստորաբաժանման պետ Մեթյու Բուսկեն:

Ըստ նրա՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո զգացվում է նաեւ ցանկություն ունենալու ավելի լավ կառավարում եւ քիչ կոռուպցիա: Այս առիթով պարոն Բուսկեն հավելեց. «Սա էլ իր կարեւոր ազդեցությունն է ունենում բիզնեսի վրա: Անձը, որը ցանկանում է ներդրումներ կատարել որեւէ երկրում, նրա համար կարեւոր նախապայման է երկրի անվտանգությունը, կայունությունը, իշխանությունների կողմից առողջ գործարար միջավայրի խթանումը: Ներդրողի համար կարեւոր է նաեւ կոռուպցիայի մակարդակը երկրում, որպեսզի նա հասկանա, թե որքանով են իր ներդրումները պաշտպանված»:

Մեր հարցին՝ այն, որ Հայաստանում վերջին ամիսներին անընդհատ կառավարություն է փոխվում, դա չի՞ խոչընդոտում բիզնեսին, ԵՄ պաշտոնյան պատասխանեց. «Ցանկացած կառավարություն, որը իշխանության է գալիս ընտրություններից հետո եւ իմ նշած արժեքներն է դավանում, մենք նրանք տալիս ենք առավելություն: Ինչ վերաբերում է կառավարության փոփոխմանը՝ այդ հարցը պետք է հղել գործարար ոլորտի ներկայացուցիչներին»:

Տեղեկացնենք՝ Եվրոպական միությունն իր «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության շրջանակներում բոլոր վեց գործընկեր երկրների փոքր բիզնեսների համար առաջարկում է ֆինանսների հասանելիության հնարավորություններ, նոր շուկաներ մուտք գործելու աջակցություն եւ փորձագիտական խորհրդատվություն: 2009 թվականից ի վեր ԵՄ-ն իրականացրել է 348 մլն եվրոյի ներդրում` աջակցելով 70 հազար ձեռնարկությունների, խթանելով 1,96 մլրդ եվրոյի չափով վարկերի տրամադրմանը տարբեր ընկերությունների եւ ստեղծելով 28,000 նոր աշխատատեղ: Ըստ Մեթյու Բուսկեի տրամադրած տվյալների՝ այս ծրագրի շրջանակներում Հայաստանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 13 հազար տեղական կազմակերպությունների, եւ բացվել են 2500 նոր աշխատատեղեր: Առաջին անգամ տարածաշրջանում հենց Հայաստանում 15 միլիոն եվրո է ներդրվել նոր գործարար կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման համար:

Հայաստանի հետ համագործակցության եւ արդյունքների մասին խոսելով՝ ԵՄ պաշտոնյան նշեց. «Մենք ուզում ենք վստահ լինել, որ ունենք ճիշտ բիզնես շրջանակ: Այսինքն՝ մենք Հայաստանի հետ աշխատում ենք բիզնես կլիմայի ձեւավորման ուղղությամբ՝ հիմնելով ճիշտ կառավարման համակարգ: Մենք աշխատում ենք նաեւ իրավական դաշտում, քանի որ եթե ցանկանում ես ներդրումներ կատարել, պետք է լինի առեւտրային արդարադատություն: Մենք ՀՀ կառավարության հետ աշխատում ենք նաեւ պետական կառավարման համակարգի բարեփոխումների վրա, որպեսզի կառավարությունը բարենպաստ պայմաններ ստեղծի քաղաքացիների համար»:

Պարոն Բուսկեն նշեց նաեւ, որ Հայաստանում ԵՄ-ն ներդրել է էլեկտրոնային կառավարության համակարգը, ինչը եւս քաղաքացիների համար հարմար պայմաններ է ստեղծում: Դառնալով վարկային պայմանների բարելավմանը՝ պարոն Բուսկեն ասաց. «ԵՄ-ն աջակցում է նաեւ այն առումով, որ բարենպաստ վարկային պայմաններ ստեղծվեն գործարար կազմակերպությունների համար: Նաեւ տրամադրում ենք բիզնես խորհրդատվություն ավելի քան 1000 կազմակերպությունների Հայաստանում»:

Դառնալով Եվրոպայի խորհրդում Ավստրիայի նախագահության՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ Վիեննայում անցկացված Արեւելյան գործընկերության 5-րդ գործարար համաժողովին՝ պարոն Բուսկեն ասաց. «Սա գործարարությանը խթանող համաժողով է: Մեր նպատակն է խրախուսել Հայաստանի եւ մյուս անդամ երկրների տնտեսական զարգացումը: Այդ պատճառով մենք տարբեր ուղղություններով ներդրումներ ենք կատարում»:

Շեշտելով առաջնահերթությունները՝ ԵՄ պաշտոնյան նշեց էներգախնայողությունն ու թվային հեղափոխության ոլորտը:

Նշենք, որ հնարավորությունների առիթով Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաանը համաժողովին հայտարարեց. «Արեւելյան գործընկերության գործարար համաժողովը եւ Տարեկան խորհրդաժողովը մեծ հնարավորություն են այս դրությամբ Արեւելյան գործընկերության եւ «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթի համատեքստում մեր համատեղ ձեռքբերումներն ընդգծելու համար: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ԵՄ-ն կձեռնարկի բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար նպաստավոր գործարար միջավայրի ապահովմանն ու երիտասարդների համար ուսման, աշխատանքի, հասարակությունում ամբողջական մասնակցության համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31