21-րդ դարում, երբ ամենուր ինֆորմացիան բաց է եւ շատ, ուսուցչի հիմնական առաքելությունը դառնում է ոչ թե սովորեցնել աշակերտին որեւէ բան, այլ սովորեցնել ինչպես սովորել, ինչպես վերլուծել եւ ոչ թե անգիր անել, կռահել երեխայի հետաքրքրությունները եւ կարողանալ մոտիվացիա հաղորդել։
Վազգեն Մխիթարյանը ուսուցիչ է, դասախոսում է Երեւանի ֆինանսական ակադեմիայում, եղել է Դավիթ Անհաղթ հումանիտար համալսարանի համահիմնադիրներից եւ գտնում է, որ լավ ուսուցիչը ստեղծարար ուսուցիչն է։
Նրա համոզմամբ, դպրոցը հետաքրքրում է երեխային այնքանով, որքանով հետաքրքրում են ընկերներն ու ընկերական միջավայրը, էքսկուրսիաներն ու ժամանցը, բայց երբ դառնում ենք կրթական մասին, տեսնում ենք, որ ամեն բան պարտադրանք է, հաճախ չհիմնավորված, իսկ մեզնից ո՞վ է սիրում ճնշում։ «Խնդիրը գալիս է խորքից. նախ կազմվում են դասապրոցեսը կազմակերպող ծրագրեր՝ առանց հոգեբանների, առանց պատշաճ հետազոտությունների, ու արդյունքում ստացվում է այն, որ երեխան իր ուզած կրթությունը ստանում է դրսում՝ տարատեսակ զարգացման կենտրոններում կամ կրկնուսույցների է դիմում»,-ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքերով. «Դպրոցում, բուհում կրթությունը տրվում է 20-րդ դարի կեսերին համապատասխան, ինքներդ էլ մտովի կարող եք վերհիշել, թե ուսումնական նյութերի քանի՞ տոկոսն է տպագրված լավագույն դեպքում 90-ականներին եւ դրանից վաղ։ Ուստի ուսուցիչներն էլ դրա կրողներն են, շատ հաճախ համառորեն պահպանողներն ու փոխանցողները։ Ամենեւին միտքս խորհրդային կրթությունը նսեմացնելը չէ, այո՛, խորհրդային Հայաստանում կրթությունը որոշ վերապահումներով հաջողված էր, բայց հաջողված իր ժամանակաշրջանի համար, հիմա պետք է բավարար քաջություն եւ պատրաստակամություն ունենալ ընդունելու համար դրա անարդյունավետությունը։ Իսկ ուսուցիչները, եթե ցանկանում են լսվել, հաղորդակցվել աշակերտի հետ, պիտի ինքնակրթվեն, վերանայեն իրենց մոտեցումները, դուրս գան ստանդարտներից եւ տան աշակերտին այն, ինչ իրոք անհրաժեշտ է իրեն»։
Արդյո՞ք տեխնիկապես հագեցված են դասաժամերը։ Ասում է՝ ենթադրենք հագեցած 10-15 դպրոց կա, իսկ մնացածներում համակարգիչները խիստ սահմանափակ թվով են՝ նախատեսված ինֆորմատիկայի շաբաթական մեկ դասաժամի համար, պրոյեկտորներ չկան, լինելու դեպքում էլ լավագույնը մեկ հատ՝ դրված տնօրենի աշխատասենյակում, որն օգտագործվում է միայն դպրոցի մեծ միջոցառումների ժամանակ, այնինչ, խոսքին զուգահեռ՝ աշակերտը պատկեր է պահանջում, լրացուցիչ հետաքրքրություն, եւ ի վերջո վիզուալիզացիայի միջոցով էլ ավելի արդյունավետ դասապրոցես է իրականացվում։ Իսկ լաբորատորիաների վիճակն էլ ավելի ծայրահեղ է, չնայած ի շնորհիվ որոշ նվիրյալ մանկավարժների, գոնե մի քանի անգամ աշակերտները տեսնում ու մասնակցում են տարատեսակ գործնական աշխատանքների։ Ուսուցիչը համոզված է, որ աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները չպետք է սկսվեն եւ ավարտվեն դպրոցում. «Հիմա շնորհիվ բազմատեսակ տեխնիկական միջոցների՝ շփումը պետք է լինի անընդհատ, պիտի հիմնովին վերանա վախի անհեթեթ մթնոլորտը եւ եթե ոչ ընկերական, ապա գոնե ազատ մթնոլորտ պետք է ստեղծվի եւ՛ դպրոցում, եւ՛ առցանց հարթակներում։ Կարեւոր է նաեւ այս գործին մասնակից դարձնել ծնողին: Աշխատելով եւ համագործակցելով երեխայի ծնողի հետ՝ ավելի է հստակեցվում ցանկալի արդյունքը եւ դրան հասնելու ճանապարհները»։ Իսկ համաձա՞յն է, որ դպրոցը չի խրախուսում աշակերտի ստեղծագործ միտքը՝ կաղապարելով այն գնահատման սանդղակով։
«Հաճախ հենց այդպես էլ լինում է, ուսուցիչը, լինելով արդեն իսկ կաղապարված, ճնշում է աշակերտին, ստիպում մտածել բոլորի պես, որը նույնպես խորհրդային տիպիկ մտածողության ձեւ է։ Հատկապես խնդիրը ակնառու է տարրական դպրոցում, երբ երեխան դեռ հակված է ընդունելու ուսուցչի ասածը որպես բացարձակ ճշմարտություն։ Եվ երբեմն սրան են գումարվում թվանշանի տեսքով ահաբեկությունները եւ ընդ որում՝ ծնողը եւս հակված է չափելու երեխայի իմացածը գնահատականով, որի չգոհացնելու պարագայում, հաջորդում են հոգեբանական, ավելի ծայրահեղ դեպքում ֆիզիկական ճնշումները։ Այնուամենայնիվ, հուսամ, որ կհաջողվի սկզբում գաղափարական փոփոխության հասնել հասարակության մեջ, որն էլ ինքնըստինքյան կբացառի գնահատականի անհրաժեշտությունը»,-ասում է մեր զրուցակիցը։ Իսկ դասապրոցեսը ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար հետեւյալն է առաջարկում. «Մեխանիզմը շատ պարզ է, դասը իմն է ու դասի ընթացքում թույլատրելի են կատակները, որոշակի շեղումները, եթե դասարանը որոշում է քննարկել դասից դուրս ընդհանուր հետաքրքրություն հարուցող մի թեմա, ապա առաջնայնությունը տրվում է դրան, արդյունքում ծավալվում են հարուստ բանավեճեր, քնած աշակերտներն ակտիվանում են ու աշակերտը հասկանում է, որ ուսուցիչը առաջին հերթին մարդ է, ով շահագրգիռ է իրեն հետաքրքրող հարցերին պատասխանելու եւ առողջ բանավեճ վարելու՝ ինչպես հավասարը հավասարի հետ»։
ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2018