Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մտորումներ ազգային նոր գաղափարախոսության վերաբերյալ

Դեկտեմբեր 15,2018 12:00

Մշակույթի նոր արժեքների վրա խարսխված իմ գաղափարախոսությունը հիմնված է իմ տարիների փորձի, խորը հետազոտությունների, մշակույթի ու արվեստի, ինչպես նաեւ ճանապարհորդությունների, հանդիպումների ու քննարկումների, սեմինարների, ցուցահանդեսների եւ գիտելիքների վրա: Դեռեւս մանուկ հասակից ծնողներիս շնորհիվ (հայրս թատրոնի ռեժիսոր, մայրս ռադիոյի եւ հեռուստատեսության արվեստի բաժնի ռեժիսոր) ինձ մշտապես բախտ է վիճակվել հանդիպել, խորհուրդներ ստանալ այն ժամանակաշրջանի մեծերից, ինչպիսիք էին Հ. Ղափլանյանը, Հ. Մալյանը, Ս. Կապուտիկյանը, Հ. Սահյանը, Ռ. Չխիկվաձեն, Կ. Լավրովը, Մ. Վ. Ուլյանովը եւ շատ շատերը: Ի մի բերելով վերջին տարիների իմ ողջ գիտելիքները, փորձառությունը, տրամաբանությունը, հմտությունը՝ եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի մշակույթն ու արվեստը պետք է ենթարկվեն հրատապ եւ լուրջ վիրահատության-վերափոխման: Սա կլինի մշակույթի նոր արժեքների վրա հիմնված մեր հասարակության առողջացման ուղին:

Մշակույթն ու արվեստը մշտապես եղել են երկրի եւ ժողովրդի դիմագիծը: Աշխարհի ամենահին մեծ մշակույթներից մեկը հանդիսանում է Ուրարտուն եւ իր իրավահաջորդ Հայաստանը: Բայց ինչու մի ժողովուրդ, որն աշխարհին տվել է մաշտոցյան աստվածային գեղեցկությամբ տառեր, Թորոս Ռոսլինի աներեւակայելի ձեռագրեր, Խաչատրյանի հիասքանչ Ադաջիոն, Սարյանի եւ Մինասի խելահեղ գույներ, Իսահակյանի, Սեւակի ու շատ հանճարների գոհարներ, վերջին տարիներին հայտնվել է ծանր վիճակում:

Մենք ժողովուրդ ենք, որը ունի մշակույթի եւ արվեստի ամուր հիմք: Հիմք, որի վրա կարելի է կառուցել բազմաթիվ երկնաքերեր: Եվ այսօր մենք այս հզոր հիմքի վրա ունենք խարխլված, փոքր կառույց: Բազմիցս, երբ խորհում էի մեր ճարտարապետների հատակագծերի եւ գծագրերի շուրջ, որպես մասնագետի ինձ միշտ հետապնդել է այն միտքը (Մոսկվայի Ստրոգանովի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի շրջանավարտ), որ նրանց ներդաշնակ ու բանիմաց լուծումները շատ առումով ժամանակից առաջ են ընկել: Երեւանը միակ մայրաքաղաքն է աշխարհում, որը նախագծվել եւ կերտվել է մեկ ազգի ջանքերով: Հանճարեղ Թամանյանի գլխավորությամբ հայ ճարտարապետները քայլ առ քայլ իրականացրել են մեր ազգի երազանքը: Ո՛չ Ռաստրելլին, ո՛չ Լե Կորբյուզեն, ո՛չ Օսկար Նիեմեյերը չեն կառուցել մեր մայրաքաղաքը, այն կառուցվել է մեզ հասած դարավոր մշակութային ժառանգության եւ հայ ճարտարապետների փայլուն մտքի փոխկապակցության շնորհիվ: Մինչեւ միլիոն բնակիչ ունեցող ոչ մի քաղաք վերջին 50 տարիների ընթացքում չի կառուցել ու չունի այդքան հուշարձան եւ քանդակ, ինչքան Երեւանը: Դրանցից ամեն երկրորդը գլուխգործոց է, իսկ Սասունցի Դավիթը գտնվում է աշխարհում երբեւէ մարդկային ձեռքերով ստեղծված հեծյալ- արձանների հնգյակում: Այս ամենը Հայ ազգի եզակի եւ բացառիկ հարստությունն է:

Ցավոք, վերջին տասնամյակներին մեր ժողովուրդը մոտեցել է մի վտանգավոր գծի: Հայաստանում շատերը չգիտեն կամ չեն հիշում, թե ովքեր են Մեղապարտը, Լեոն, Օրբելի եղբայրները, Մառը, Մամուլյանը ու շատ ուրիշներ: Ինչ-որ մի բան կոտրվել է ժողովրդի մեջ: Տգիտություն եւ ժխտողականություն, անգրագիտություն, ամբարտավանություն. հավատացե՛ք, դրանից տառապում են արվեստն ու մշակույթը, ժողովրդի կենսամակարդակն ու ձգտումները: Սրանք աղավաղում են հազարամյակներից մեզ փոխանցված արվեստի եւ մշակույթի անգին ժառանգությունը:
Քսանհինգ տարի ապրելով Եվրոպայում` տեսնելով աշխարհում տեղի ունեցող բարեփոխումներն ու հանդուրժողականությունը, ինձ մոտ ստեղծվել է տպավորություն, որ իմ ժողովրդի դեմ հատուկ պատվեր էր կատարվում «կործանել ու աղավաղել» մեր մշակույթը: Դրան զուգահեռ խրախուսվում էր անօրինականությունը, կեղծավորությունը, կոռուպցիան:

Մեզ անհրաժեշտ են մեծ բարեփոխումներ: Ցավոք, այսօր աշխարհում եւ Եվրոպայում շատերը չգիտեն եւ զարմանում են, որ մենք ոչ միայն քրիստոնյա ենք, այլեւ ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը աշխարհում ու տեղյակ չեն ընդհանրապես, որտեղ է գտնվում Հայաստանը: Վստահ եմ, որ սա եվրոպացիների անգրագիտության արդյունք չի, այլ մեր նախկին իշխանությունների մեծ բացթողումը: Չեխիայի կառավարության պաշտոնական այցելություններին ուղեկցող գործարարների կազմում ես բազմիցս այցելել եմ Հայաստան: Ամեն անգամ փաստել եմ, որ այդ հանդիպումները ոչ միայն չեն միավորել, այլ հակառակը՝ հեռացրել են հայերին ու եվրոպացիներին: Ամեն անգամ աճում էր սուտը, տգիտությունն ու ագահությունը: Եվ ցավոք, այս ամենը հանգեցրեց փոխշահավետ, հետաքրքիր եւ յուրահատուկ նախագծերի ավարտի, բերեց բազմաթիվ եվրոպական հայտնի անունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների աշխատանքների սառեցմանը Հայաստանում:

Այսպիսով, եկեք անցնենք վերը նշված գործողությանը: Մեզ պետք է նոր, հեղափոխական գաղափար: Այս փոփոխությունները պետք է սկսել անհապաղ, եռանդուն: Մեր ժողովրդին հեղափոխության հաղթանակից հետո անհրաժեշտ են կտրուկ, շոշափելի փոփոխություններ դեպի լավագույնը: Եվ այս կարեւորագույն գաղափարախոսությունը պետք է իրականացնի նորացված մշակույթի նախարարությունը, որի գլխավոր թեզը կլինի «Հույս, հավատ եւ սեր»-ը:

Հայաստանի մշակույթի նախարարությունը այսօր պետք է միավորի եւ գլխավորի ազգային գաղափարի իրագործումը:

Այո, աշխարհի առաջադեմ երկրները ընտրում են այն մոդելը, որը համապատասխանում է իրենց ազգային շահերին եւ աշխարհաքաղաքական դիրքին: Հայաստանը իր մշակույթով, պատմությամբ եւ մարդկանցով տարբերվող է մյուս երկրների նկատմամբ։ Այս բացառիկությունը նոր մշակույթի նախարարության օգնությամբ կվերականգնի երկրում տիրող անհավասարակշռությունը: Մշակույթի նախարարությանը անհրաժեշտ է նոր ստորաբաժանում՝ ազգային արժեքների բրենդինգով զբաղվող վարչություն: Այն պետք է լինի հանդուրժողականության հզոր մեքենա, որը պետք է քարոզի հարգանք եւ սեր դեպի մերձավորը: Սա պետք է լինի մեր նոր գաղափարախոսությունը: Այն պետք է լինի գրագետ եւ ճիշտ, պետք է ծառայի, օգնի մեր ժողովրդին, այնպես, ինչպես օգնել է Վիկտորիայի Մեծ Բրիտանիային, Եկատերինայի Ռուսաստանին, Լյուդովիկի Ֆրանսիային, Հռոմին: Այսօր շատ տարիների կոռուպցիայից եւ անօրինականություններից հետո մեր հասարակությունը ունի դրա անհրաժեշտությունը: Հեղափոխությունը վերադարձրեց մեր կորսված հավատը, ուստի, այն ամրապնդելու համար, պետք է զարգացնենք, ուժեղացնենք եւ պահպանենք ժողովրդի Մեծ Հաղթանակը:
Պետք է միավորվեն Հայաստանի եւ ողջ աշխարհի հայության բոլոր առաջադեմ մտավոր, կրեատիվ ուժերը: Դա պետք է լինի հետեւողական աշխատանք: Այսօր մեզ պետք է միավորել եւ օգտագործել մասնագետների ողջ ուժը, կրթությունը եւ փորձը:

Մշակույթի նախարարության ստորաբաժանումների աշխատանքի շնորհիվ պետք է ժողովուրդը չբաժանվի յուրայինի ու օտարի, այլ հարգի միմյանց կարծիքը, սերմանի եւ փայփայի մեզ հասած ազգային ժառանգությունը, եւ արձագանքը չի հապաղի: Այսօր մեզ հարկավոր է ստեղծել գեղարվեստական եւ հեռուստատեսային ֆիլմեր, ներկայացումներ, որ մարդիկ թատրոններից, կինոթատրոններից, մշակույթի տներից դուրս գան ժպիտով, բարձր տրամադրությամբ`ադրենալինով լի: Անհրաժեշտ է Թատերական գործիչների միության, թատրոնների գեղարվեստական խորհուրդների հետ միասին ստեղծել փոքր բյուջեով նոր ռեպերտուար (երկու-երեք դերասանի ներկայացումներ): Դա կդյուրացնի եւ ավելի մատչելի կդարձնի նաեւ դեպի սփյուռք շրջագայությունները: Շատ մեծ ռեժիսորներ եւ մասնագետներ (Պիտեր Բրուկ, Գլեբ Պամֆիլով եւ ուրիշներ) դիմել են այս քայլին:

Այս ամենին զուգահեռ պետք է սկսել հզոր բացատրական գործունեություն՝ հիմնված մերձավորի նկատմամբ սիրո, բարության, հավատի վրա: Պետք է լինի սերտ համագործակցություն ռեժիսորների, դերասանների, սցենարիստների, գրողների, լրագրողների, արվեստագետների, նկարիչների եւ մյուսների հետ: Այն պետք է լինի ներկայացումների, հեռուստատեսային հաղորդումների, գովազդային վահանակների, պաստառների, արվեստի ստեղծագործությունների, ցուցահանդեսների, սեմինարների եւ վարպետության դասերի միջոցով: Դա կօգնի ազգի շուտափույթ առողջացմանը:

Այսօր մեզ անհրաժեշտ է դրական էներգիա եւ հումոր, որը բնորոշ է հայ ժողովրդին: Սա պետք է լինի մշակույթի նախարարության գերխնդիրը, եւ այս ամենը միայն հանդուրժողականության, սիրո, հավատի եւ հույսի ներքո:

Անհրաժեշտ է դադարեցնել հեռուստատեսային ցածրորակ սերիալները, որոնք գովազդում են բռնություն, բարքերի անկում, բարոյական արժեքների կորուստ, որոնք օտար են մեր ժողովրդի համար: Պետք է գործադրել մեծ ճիգեր նոր, մաքուր եւ ջինջ հարաբերությունների կերտման ուղղությամբ՝ հիմնված սիրո եւ հանդուրժողականության վրա:

Լեզվաբանների եւ ուսուցիչների օգնությամբ անհրաժեշտ է մշակել միջին դասարանների համար նորացված դասագրքեր Հայաստանի մշակույթի, Հայաստանի արվեստի պատմության, Էսթետիկայի եւ էթիկայի վերաբերյալ:

Ամենակարեւորն այն է, որ նոր նախարարության ղեկավարությունը (ամբողջ ապարատը վերեւից ներքեւ) ըմբռնի այս նոր մոտեցումը:

Իմ խորին համոզմամբ, պետք է վերանա կոչումների ինստիտուտը. այն շատ սուբյեկտիվ է: Ցավոք, արժանագույնները զրկված են կոչումներից, իսկ շատ անարժաններ անարդարաբար այն ունեն: Սպիլբերգը, Ֆելինին, Դալին եւ շատ մեծեր անհերքելի հետք են թողել համաշխարհային արվեստում՝ առանց կոչումների:

Վերոնշյալը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հմուտ եւ գրագետ թիմ, հզոր բրենդինգ, աջակցություն երկրի ղեկավարության կողմից: Մշակույթի նոր նախարարության պատշաճ աշխատանքը պետք է համախմբի ժողովրդի գրագետ, խելամիտ, տաղանդավոր ուժերը: Մենք պետք է սովորենք հիանալ, ոչ թե նախանձել: Այսօր արթնացել է նաեւ մի հզոր միավոր, դրական ուժ, այն է՝ մեր կանայք: Ունենք մայրեր եւ քույրեր, կանայք, դուստրեր, որոնք ապացուցել են իրենց ուժը: Չի կարելի չօգտվել բնության այս պարգեւից:

Փառք Աստծո, կատարվեց հեղափոխություն, եւ մեզ պետք են հեղափոխական լուծումներ: Պետք չէ վախենալ դրանցից: Իհարկե, կլինեն սխալներ, բայց չպետք է հուսահատվել: Հայաստանի արեւը ջերմացնում է աշխարհը: Մեր սրտերի արեւը պետք է տաքացնի նաեւ հայաստանյան հասարակության ներքին մթնոլորտը:

Բացարձակապես միեւնույն է, որտեղ ենք մենք ապրում, որտեղ են ծնվել մեր երեխաները, ինչ լեզվով ենք խոսում, որ երկրի քաղաքացիներ ենք: ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՅ ԵՆՔ: Դա բավական է, որպեսզի ներգրավվեն բարձրորակ մասնագետներ, ովքեր ունեն ցանկություն: Ովքեր կարող են օգնել, ներդնել իրենց ջանքերը, հմտությունը, տաղանդը՝ նոր ուժեղ եւ հզոր Հայաստան կառուցելու համար:

Մեր թավշյա հեղափոխությունը շատ բան տվեց պատմական հայրենիքից հեռու բնակվող հայերին: Դա երջանկություն էր եւ հույս: Մեր երեխաներից շատերը ծնվել, մեծացել են Հայաստանից հեռու եւ այլ կերպ էին ընկալում Հայաստանը: Դուստրս, ով ծնվել է Պրահայում եւ ուսանում է Լոնդոնում, հեղափոխության ողջ ընթացքը վերապրելով մեզ հետ (նաեւ տեղի ունեցածը իր օտարազգի ընկերներին բացատրելով), այնտեղ մասնակցեց ապրիլյան ցույցի: Մինչ հեղափոխությունը, իմանալով Հայաստանի պատմությունն ու մշակույթը, նա չէր հասկանում՝ ինչու է իր պատմական հայրենիքը հայտնվել այսօր այդ վիճակում (ղեկավարության անգրագիտություն, զանգվածային արտագաղթ եւ այլ բացասական երեւույթներ): Փխրուն եւ փոքր Մարիամը, հավատալով հայկական հեղափոխության հրաշքին, եռագույնը գրկած, հպարտ եւ գլուխը բարձր, գիշերով վերադառնում էր: Դեռ երկար ժամանակ (մինչեւ ուսումնական տարվա վերջը) հայկական եռագույնը հպարտությամբ ծածանվում էր աշխարհահռչակ Լոնդոնի համալսարանական քոլեջի հանրակացարանի պատուհանից։

ՄՀԵՐ ԳԱՄՋՅԱՆ
Պրահա

«Առավոտ» օրաթերթ

14.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31