«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային վերածնունդ խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը
– Ինչո՞վ կբացատրեք ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունը եւ նշանակումն այլ պաշտոնի, մանավանդ, որ նրա պաշտոնանկության մասին տեղեկությունները ավելի վաղ հերքվել էին:
– Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորական պաշտոն է և պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն: Իր փոխարինումն էլ բանակի շտաբի պետով նորմալ գործընթաց է: Արցախում ՊԲ հրամանատարին սովորաբար փոխարինել է հենց ՊԲ շտաբի պետը: ՊԲ հրամանատարին նշանակել-ազատելը որոշակի գործընթաց է ենթադրում, ինչով էլ պայմանավորված էր ինֆորմացիայի և պաշտոնական հաղորդագրության միջև եղած ժամանակահատվածը:
– Խոսվում է նաեւ այլ պաշտոնանկությունների մասին. այս զարգացումները կապ ունե՞ն Արցախի հարցի կարգավորման սպասվող զարգացումների հետ, ինչի մասին բոլորն են խոսում:
– Ես չգիտեմ, Բակո Սահակյանի խորհրդականների պաշտոնանկություններ կլինեն թե չէ, խոսքը, մասնավորապես, Արշավիր Ղարամյանի և ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է, սակայն վստահաբար դա որևէ կապ չունի արցախյան խնդրի կարգավորման հետ:
– Համապատասխանո՞ւմ են, Ձեր կարծիքով իրականությանը խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի վերջին հանդիպումը նպատակ ուներ Հայաստանի եւ Արցախի ղեկավարության մեջ նախընտրական շրջանում առաջացած չհասկացվածության պատը կոտրել: Դա հաջողվե՞լ է Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությամբ:
– Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպման մանրամասներից տեղյակ եմ այնքանով, ինչքանով ասվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
– Ի՞նչ նոր անակնկալների ականատես կլինենք առաջիկայում:
– Կարծում եմ, իշխանության ներսում էլի տեղաշարժեր կլինեն: 2019թ. Արցախում ակտիվ տարի է, քաղաքական ուժերն ավելի ակտիվորեն կպատրաստվեն 2020թ. ԱԺ և նախագահի ընտրություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ