Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բացահայտել են անասնագողության եւ բնակարանային գողության երկուական դեպք: Մոտ 10 օր առաջ Արտաշատի մի քանի բնակիչներ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից շատ հմուտ ձեւով կով են գողացել, որը «Գազել» մակնիշի մեքենայով տեղափոխել են Արտաշատ: Անասնագողության մյուս դեպքը, որ բացահայտվել է, կատարվել է 2013 թվականին, կով գողացածը Իջեւանի տարածաշրջանի բնակիչ է:
Բնակարանային գողությունները կատարվել են Իջեւան քաղաքի սեփական առանձնատներից, դրանք կատարածները տարբեր անձինք են: Իջեւանի հարկային տեսչության աշխատողի տնից գողացել են որսորդական հրացան, դաշույն, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 300 հազար դրամ: Մյուս դեպքով Իջեւանի բնակչի տնից գողացել են ոսկե շղթա, ոսկե խաչեր եւ այլն, գողոնի արժեքը կազմում է 494 հազար դրամ:
Երկու դեպքերով էլ կալանավորվածներ չկան, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ