Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում մտավախություն չունեն, որ «Նիկոլը հողերը կհանձնի». Արթուր Թովմասյան

Դեկտեմբեր 14,2018 21:01

«Բայց Լեւոն Մնացականյանը հիմա ոչ պակաս պատասխանատու պաշտոնում է նշանակվել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հրաժարականին, ասաց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Մեր զրուցակիցը`ազնվորեն խոստովանեց`Լեւոն Մնացականյանի հրաժարականի պատճառներից տեղյակ չէ, գուշակություններ էլ չի ցանկանում անել: Բայց, որ Լեւոն Մնացականյանի դերը Արցախում որոշումների կայացման վրա չի նվազելու այս փոփոխությամբ, մեր զրուցակիցը վստահ է. «Ինքը մեր լեգենդար հրամանատարն է, որն իր անցած ճանապարհով, ոչ միայն 1992-94 թվականների պատերազմի, այլ նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ, հստակ կատարեց իր ֆունկցիաները»: Լեւոն Մնացականյանի հրաժարականի դիմումը`ՊԲ հրամանատարի պաշտոնից, մեր զրուցակցի համար անակնկալ չի եղել, այն իմաստով, որ հավերժական պաշտոններ չկան:

ՊԲ նորանշանակ հրամանատար Կարեն Աբրահամյանի մասին էլ Արթուր Թովմասյանն ասում է. «Ես իրեն ճանաչում եմ Հադրութում, երբ գեներալ Բաբայանը առաջին պաշտպանական շրջանի հրամանատարն էր, ինքը շտաբի պետն էր: Որպես շտաբի պետ, շատ լավ տպավորություն է թողել: Մենք չեն խառնվում մեր բանակի ներքին գործերին: Հրամանատարությանը միայն ասում ենք`մեր մասով ինչով կարող ենք օգտակար լինել հայոց բանակին»:

Հնարավոր այլ պաշտոնանկությունների մասին էլ, մեր զրուցակիցը գիտի լրատվամիջոցներից: Բայց դրանք, պաշտոնապես չեն հաստատվել:

Արթուր Թովմասյանը ղեկավարել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արցախի դիտորդական խումբը: Կարծում է, որ Հայաստանում շատ նորմալ ընտրություններ են անցկացվել, ինչի արդյունքում ժողովրդի բացարձակ մեծամասնությունը վստահեց Նիկոլ Փաշինյանի թիմին:

Aravot.am-ի դիտարկմանը, որ քարոզարշավում շատ խոսվեց այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը եկել է «հողերը հանձնելու» եւ գործընթացները ընտրություններից հետո կզարգանան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի կարծիքը Արցախի հիմնախնդրի մասով, ես վաղուց գիտեմ եւ չեմ գտնում, որ խոսակցությունները`«Նիկոլը հողեր է հետ տալու» կամ Արցախի հիմնախնդիրը լուծելու է ոչ հայանպաստ եղանակով, ճիշտ են, չեմ հավատում»:

Հարցին`այդ դեպքում ինչո՞ւ էր Դավիթ Շահնազարյանը բաց տեքստով հայտարարում այդ մասին, մեր զրուցակիցը հորդորեց`հարցերն ուղղել Դավիթ Շահնազարյանին: «Այդպիսի մտավախություն Արցախում չկա: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հետ եւ իր տեսակետն ասել է: Ես կարծում եմ, Արցախի իշխանությունները բավարարված են»,- ասաց Արթուր Թովմասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31