Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական խախտված ռազմական բալանսն ու բելառուսական «Պոլոնեզները»

Դեկտեմբեր 14,2018 20:35

Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խախտել է ռազմական բալանսը, ընդ որում, անվերադարձ: Այսօր, «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Ըստ բանախոսի, Ադրբեջանին`բելառուսական «Պոլոնեզի» վաճառքի հարցում էական դերակատարում է ունեցել Ստանիսլավ Զասը: Այժմ, ի դեպ, առաջ է քաշվում վերջինիս՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը: Զասը ռազմական կրթություն է ստացել Բաքվում եւ հայտնի է իր ադրբեջանամետությամբ:

Վան Համբարձումյանի գնահատմամբ`նրա հնարավոր նշանակումը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում:

Այսօր մամուլի ասուլիսում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը «Պոլոնեզ» գնելու առաջարկ արել է նաեւ Հայաստանին: Առաջարկը մերժվել է: Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը:

Վան Համբարձումյանի համոզմամբ, հայ-ադրբեջանական ռազմական բալանսի խախտման գործում էական դերակատարում է ունեցել նաեւ «պատրաստված եւ որակյալ կադրերին բանակից հեռու պահելը»: Այս դեպքում բանախոսը նկատի ունի, մասնավորաբար, Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Բանախոսի գնահատմամբ, փոխվել է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների որակը`ի հեճուկս ՀՀ վարչապետի հայտարարությունների, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է: Փորձագետի դիտարկումներով,  Ռուսաստանում չկա Հայաստանի նկատմամբ վստահություն եւ ռազմավարական գործընկերության այսօրվա մակարդակը չի կարող երաշխավորել, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, այդ ռազմական բալանսը վերականգնվի՝ ի հաշիվ ռազմավարական գործընկերության:

Ի դեպ, ռազմական բալանսի վերականգնման մասի, երեկ խոսել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել ռազմաարդյունաբերական համալիրում: Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաեւ՝ Հայաստանում ինժեներական եւ տեխնիկական-գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարեւոր անելիքների մեջ է»,- ասել էր վարչապետը: Հաջորդ առանցքային խնդիրն, ըստ նրա, ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման հարցն է. «Սրա մասին մենք խոսել ենք նաեւ նախընտրական շրջանում եւ ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք ԶՈՒ զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար եւ այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է լինի նաեւ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, Վան Համբարձումյանն ասաց`եթե նման գումարներ ներդրվեն ՀՀ ԶՈՒ-ում եւ ռազմաարդյունաբերության զարգացման համար, ապա հայ-ադրբեջանական ռազմական խախտված բալանսում ինչ-ինչ փոփոխություններ կլինեն. «340 հազար դոլարով ստանան այն, ինչ-որ ավելին, քան 2 մլն դոլարով կարելի է ձեռք բերել, իհարկե, 100-ի վրա կարող են այդ բալանսը հավասարեցնել: Եթե, իհարկե, դա անեն: Բայց դե՝ ասելը մի բան է, անելը՝ մեկ այլ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31