Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար և կարևորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը: «Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, և ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում և իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարևոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաև կառավարման բարձր ստանդարտներ: «Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի և ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ: Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարևոր է անկախ դատական համակարգի առկայությունը և հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում: Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարության միևնույն տելականը»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:
Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ առաջիկայում առիթներ կունենան հանդիպելու և քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ