Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ասացի՝ Սե՛րժ, տու՛ր այդ 5 շրջանները, բայց նա մերժեց. Լուկաշենկոն պատմել է Բելառուսի միջնորդության մասին

Դեկտեմբեր 14,2018 17:59

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը խոսել է ավելի վաղ հնչած առաջարկների մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության հետ, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է, որ այդ հարցը քննարկվել է դեռ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր: Նա նշել է, որ ինքը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին լուծել խնդիրը փոխզիջումային տարբերակով: Ընդ որում, Ռուսաստանն ու Բելառուսը զբաղեցնում էին միասնական դիրքորոշում՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական կոնտինգենտ մտցնել որոշակի երաշխիքների ապահովման համար:

«Հետո արդեն բացահայտ ասացի. լսի՛ր, ինչպես նրանք են ասում՝ օկուպացրել եք 7 շրջան… Սե՛րժ, տու՛ր այդ 5 շրջանները: Ի՞նչ պատճառ ունեք դրանք չվերադարձնել. չէ՞ որ դրանք դատարկ են: Նա ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք այնտեղ ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն: Եվ ես ու Պուտինը հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք, և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք դա ասել): Նա ասաց՝ ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ դա իր համար զարմանալի է: «Ինչո՞ւ չեն ուզում: 5 շրջանները դատարկ են: Դա առաջին քայլն է: Եվ այդ ժամանակ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵվրԱզԷՍ-ում: Դա այն պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել այդ կազմակերպություններին: Ինչո՞ւ դուք հրաժարվեցիք: Լավ, Բելառուսը, բայց Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ այնտեղ երբեք պատերազմ չի լինի, եթե ազատեն այդ շրջանները, որոնք դուք խոստովանում եք, որ ադրբեջանական են: Խոսքը Ղարաբաղի մասին չէ»,- ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում որպես կարևոր գործոն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Լուկաշենկոն առաջին անգամ պատմել է ևս մեկ նախագծի մասին: Նա նշել է, որ խոսք կար Ադրբեջանից Վրաստան խողովակաշար ներդնելու մասին, և ինքը այդ թեմայով խոսել է այդ երկրների առաջնորդների հետ: «Նրանք խողովակաշար էին կառուցում: Իմ կարծիքով՝ գազի: Եվ այն անցնում էր՝ շրջանցելով Հայաստանը»:

Լուկաշենկոն հայտնել է, որ այդ ժամանակ ինքը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի վերջինս խոսի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի խողովակաշարն անցնի Հայաստանով, քանի որ դա երկու կողմերին էլ ձեռնտու էր: «Ես առաջարկեցի, ասաց՝ պետք է լուծել այդ խնդիրները, ես կթողնեմ այդ խողովակը, նաև կօգնեմ վերականգնել Հայաստանը: Այդ ժամանակ նրանք չափից շատ փող ունեին: Եվ ես դրանից հետո գնացի Սերժ Ազատովիչի մոտ և դա առաջարկեցի: Դարձյալ հրաժարվեց: Բայց միևնույն է, մի օր խաղաղությամբ կավարտվի»,- ասել է Լուկաշենկոն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31