Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական

Դեկտեմբեր 14,2018 17:56

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցները տեղեկատվություն են հրապարակում առ այն, որ «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ՓԲ ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ: Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որի հիման վրա հայտնում ենք հետևյալը՝

2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը հայտնի պատճառներով կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։ Ծանուցումները Ընկերության աշխատողներին հանձնվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի ավարտը։ Համաձայն տրված ծանուցումների, աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում է իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։

2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ներառյալ սույն հաղորդագրության տարածման պահը, Ընկերությունը՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին որևէ նոր ծանուցում աշխատողներին չի տվել։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի շուրջ մի շարք օբյեկտիվ հանգամանքների առկայությունը, հավատարիմ մնալով ազնիվ գործընկերության սկզբունքներին և խորապես մտահոգ լինելով Ընկերության աշխատողների սոցիալական խնդիրներով՝ «Վալլեքս» խումբը տեղեկացնում է՝

նկատի ունենալով, որ ներկայումս Ընկերության ղեկավարությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության շահագրգիռ մասնակցությամբ շարունակում է Ալավերդում պղնձի ձուլման հետագա շարունակականությունն ապահովելու, հայ-չինական համագործակցությամբ Հայաստանում նոր ու բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու՝ դեռևս 3 տարի առաջ սկսած խորը և հանգամանալից ուսումնասիրությունները.

կարևորելով Հայաստանի տնտեսական կայունությունը և հատկապես, Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը, առկա աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին և Ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա Ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին:

Հուսով ենք, որ մեր համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ կշարունակվի փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ Ալավերդցու, Լոռեցու և Հայաստանի Հանրապետության:

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31