(հրապարակախոսական հոդվածաշարի նախաբան)
Այսօր լրացել է քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվում գտնվելու իմ վեցամսյա ժամկետը, ես այլևս քաղծառայող չեմ, վերացել է իմ լռության տաբուն, և ինչպես մեր ամենապայծառ լուսատուն՝ Աբովյանն էր ասում. -Իմ լեզուն բացվել է, իմ սիրելի ազգ:
Ես որոշեցի չդառնալ 850 001-երորդը: Եվ քանի որ լրագրողներին գայթակղում է Ազգային ժողովն ու քաղաքականությունը, դաշտը փոթորկվում է զանազան միջանցիկ քամիներից, օրական սունկի նման աճում են անհայտ ծագմամբ էլեկտրոնային լրատվամիջոցները, սոցիալական մեդիան հրաբխի նման ժայթքում է, բոց ու մոխիր տարածում, հաճախ ատելության ու գորշության լավայով ծածկում զուլալ ակունքները՝ հասկացա, որ երբեք ուշ չէ բացել նոր էջ, հասկացա, որ ես ասելիք ու անելիք ունեմ այս ոլորտում, մանավանդ, որ բավականին երկար ժամանակ աշխատել եմ Հայաստանի ու Սփյուռքի լրատվամիջոցների հետ և հնարավորինս ուսումնասիրել հայկական տեղեկատվական աշխարհը: Եվ քանի որ Հայաստանի լրատվամիջոցներում ծաղկում է քաղաքական ու տնտեսական վերլուծաբանների գրիչը, հատուկենտ լրատվամիջոցներ ունեն պատկառելի խմբագրականներ, ոլորտի տիրակալը դառնում են զուտ լրատվությունն ու սոցիալական մեդիան, և գնալով նվազում է հրապարակախոսական ժանրի տարածքը, ես աննահանջ որոշում կայացրի հանդես գալ հրապարակախոսական հոդվածաշարով: Ինձ համար չափազանց կարևոր և անբեկանելի որոշումը կայացրի իմ վեցամսյա լռության, խոկման, վերաարժևորման ընթացքում:
Երկար խորհելուց, վերլուծելուց հետո, ես որոշեցի Հայաստանի վարչապետի հետ սկսել խաղաղ ու բարեկամական զրույց երկրի խորքային խնդիրների վերաբերյալ՝ իմ զրույցի ընթացքում պատասխանելով ենթադրվելիք հարցերին: Ինչո՞ւ զրույց վարչապետի հետ. շատ տրիվիալ պատասխան, որովհետև նրա ձայնը ձայնն է բազմաց, և իշխանությունը իշխանությունն է ժողովրդի, նրա հետ խոսելով՝ ես խոսում եմ յուրաքանչյուր հայի հետ: Ժողովրդավար ու անկեղծիք ընտրություններում Հայաստանի քաղաքացին կատարեց իր երկրորդ քայլը և վստահության քվեն, հետևաբար նաև իշխանությունը վերջնականապես հանձնեց «Իմ քայլը» դաշինքին: Միայն ժամանակն է տալու ամենակարևոր հարցի պատասխանը՝ արժանի է ժողովուրդն իր ընտրած նոր իշխանությանը: Ավազի ժամացույցը շրջված է: Այս պահին ձևավորվում է խորհրդարանը, որի իշխանություն-ընդդիմություն հարաբերակցության սահմանադրական սկզբունքի բովանդակությունը ինձ համար կասկածի տակ է, և կարծում եմ, հավասարակշռության նժարը ձգտում է դեպի չորրորդ իշխանություն, վերաիմաստավորված ու լուրջ, տաղանդավոր գրիչներով ծաղկող տեղեկատվական դաշտ: Կհամախմբվի այս մասնագիտական հանրությունը, կդրսևորի սկզբունքայնություն, և, ի վերջո կհղկի իր արդարության պրիզման այնպես, որ կատարի իր առաքելությունը, աջակցի իշխանությանը երկրի զարգացման գործում, արտացոլելով նրա գործունեությունը բազմաշերտ, վերլուծական հայելային տարածքում՝ դժվարանում եմ ասել: Սակայն կարևորելով խնդիրը ցանկանում եմ շրջել նաև իմ ավազի ժամացույցը:
Տեղավորվու՞մ է նման զրույցը հրապարակախոսական ժանրի շրջանակներում, չգիտեմ: Կարծում եմ, այս ոլորտում ևս նոր մոտեցումների, նոր շրջանակների ժամանակն է:
Առաջին տեղին հարցը.
-Ո՞վ եմ ես:
-Եթե Ձեզ հետաքրքրում է իմ քաղաքական կողմնորոշումը, հիասթափեցնող, գուցեև հուսադրող պատասխան եմ տալու. երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, այսօր էլ չեմ կիսում քաղաքական որևէ ուժի գաղափարներն ամբողջությամբ ու չեմ ընդունում նրանց վարքագծի բազում դրսևորումներ: Համոզված եմ, որ իմ տեսակը զգալի տեսակարար կշիռ ունի երկրում և միավորված կամ ո՛չ, պատրաստ է նպաստել երկրի առաջընթացին:
Ես ընդամենը իր երկիրն անսահմանորեն սիրող քաղաքացի եմ, իր հողի վրա իրեն ծառ զգացող հայի տեսակ, ժողովրդի մեկ տասմիլիոներորդական միավորն՝ իր ձայնով ու իր բաժին իշխանությամբ: Եթե մեր զրույցը կայանա, հրաշալի, եթե ոչ՝ այն կվերաճի մենախոսության, կամ կստանա այլ վեկտոր: Իսկ չկայանալու նախապայմանը կլինի անարձագանք մնալը: Եվ թող այնքան էլ հավակնոտ չհնչի, գուցեև մի պայծառ օր էլ հրատարակվի ու դառնա հաջորդ բեսթսելլերը:
Ընթերցողներին խնդրում եմ իզուր քաղաքական, միջանձնային, միջազգային ու այլևայլ ենթատեքստեր չփնտրել, չվիրավորել ու չզազրախոսել, որովհետև ես իմ զրույցը սկսում եմ հոգեբանական այն աննահանջ տրամադրվածությամբ, որ եթե սիրո, համերաշխության թավշյա, ոչ բռնի, բաց ձեռքերի հեղափոխություն իրականացրած որևէ հայ ատում է, հայհոյում է, անարգում է, անիծում է, ուրեմն նա հիվանդ է, մոլորված է, մարտնչող տգետ է, ուրեմն նա հեռացել է ազգային, քրիստոնեական, համամարդկային արժեքներից: Եվ մենք, հարգելի վարչապե՛տ, պետք է սրա հետ միասին փորձենք հասկանալ շատ այլ երևույթներ, միասին լուծենք շատ հանելուկներ, խնդիրներ, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելով երկրում՝ բժշկենք հիվանդներին և ամեն տեսակի մոլորյալներին բերենք Հոգևոր Հայաստան՝ բարձր մշակույթ կերտող, արարող, Մեծ սիրով սիրող ու նվիրվող Հայի Հայաստան: Պաթետիկ ստացվեց, բայց ոչինչ, երբեմն էլ անկեղծ, թունդ զգացմունքը պաթոսով է արտաբերվում, դուք հո դա լավ գիտեք:
Շարունակեմ ներկայանալ և անկեղծորեն խոստովանել.
Ես ինքս էլ մոլորյալ որդի եմ: Իմ մեծ երազանքի քամին ինձ տարել է խոտոր ճամփաներով: Ի վերջո, ես հայտնվել եմ պետական համակարգում, որը ստեղծագործող անհատի, պոետական նկարագրով, չինովնիկի որակներ չունեցող մարդու համար կործանարար է ընդհանրապես: Այո, ես կորցրեցի իմ նախնական էությունը, ապրեցի անձի երկատվածության ողբերգությունը: Գիտակցելով իմ գործի կարևորությունը՝ երբեմն էլ ինձ զգացի Սիզիփոսի դերում, երբեմն անպտուղ թզենու, ճառեր գրող պոետի ու Սիրանո դը Բերժերակի դերերում: Ես շատ բան տեսա ու հասկացա: Եվ իմ ամենակարևոր հետևությունն այն էր, որ ցանկացած՝ թեՙ նյութական, թեՙ հոգևոր կառույց խախուտ կլինի, վտանգավոր, փլվելու ենթակա, եթե նրա յուրաքանչյուր մասնիկ իր տեղում չէ, հիմնաքարից մինչև կտուրի վերջին ծածկը, ենթակառուցվածքների ամենափոքր պտուտակից մինչև վերջին մեխը:
Իհարկե, ես ոչ մի հեծանիվ էլ չհորինեցի, բոլորն էլ դա գիտակցում են, բայց կադրային քաղաքականությունը երկրում մնում է աքիլեսյան գարշապար: Կարծում եմ, մենք դեռ այս հարցին բազմիցս կանդրադառնանք և համակողմանի կքննարկենք:
-Այդ դեպքում ի՞նչու եք տաս տարի աշխատել մի միջավայրում, որն այնքան էլ հոգեհարազատ չի եղել Ձեզ: Ինչու դուրս չեք եկել այդ աշխարհից ու հեղափոխություն իրականացրել, կամ հանդես եկել նման հոդվածաշարով:
-Լավ հարց է: Ես շատ հանգամանալից պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին: Միայն ասեմ, որ ես գենետիկ հակակրանք էի տածում հեղափոխությունների հանդեպ, որոնք սովորաբար ներմուծված են լինում և ունենում են ողբերգական, եղբայրասպան հետևանքներ, թացը չորին է խառնվում, հաճախ վերև է բարձրանում թեթևը, տաշեղը: Իմ մեծ գերդաստանը կարմիր հեղափոխության հետևանքով կուլակաթափ է եղել, ունեզրկվել է, ձայնազրկվել, ցիրուցան է եղել, զրկվել կրթության իրավունքից, ապրել անասելի ողբերգություն: Մյուս բազում պատճառների մասին կխոսեմ հաջորդիվ:
-Բայց չէ՞ որ իրավիճակ է փոխվել:
Այո՛, իրավիճակը փոխվել է, բոլորին էր պետք թարմ օդ, գաղջը ցրող փոփոխությունների քամի, և դուք հրաշալի օրինակ ցույց տվեցիք, անարյուն ու խաղաղ հեղափոխություն իրականացնելու բացառիկ փորձ, որը, կարծում եմ՝ հայ ժողովուրդը կկիրառի մեծ խանդավառությամբ, կկիրառի ցանկացած անհրաժեշտության դեպքում: Բայց Աստված մի արասցե:
Պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ մի քիչ ուզում եմ շեղվել և հենց այս առաջին զրույցում անպայման շնորհակալություն հայտնել Սփյուռքի ներկայիս շատ երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին (նա ամենուրեք հպարտանում է, որ Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարն է, միաժամանակ Հայաստանի քաղաքացիներին վստահեցնելով, որ նրանք ապրում են Եվրոպայում), շնորհակալ եմ, որ նա իր աչքաբաց ու հեղափոխական խորհրդականի միջոցով ինձ ստիպեց ազատման դիմում գրել: Հետո Անժելա Թովմասյանի հայելու առաջ նստեց ու համոզիչ ասաց, որ ինքը երբեք չի ստիպել աշխատակիցներին դիմում գրել: Ես դեռ խոսում եմ միայն իմ մասին: Բայց, քանի որ ես օրինապաշտ, իմ իրավունքներն ու պարտականությունները խորապես գիտակցող քաղաքացիական ծառայող էի, հրաժարվեցի: Եվ զարմանալի օպերատիվությամբ նա դիմեց Քաղաքացիական ծառայության խորհուրդ, որն էլ անմիջապես կրճատեց իմ պաշտոնը: Տեսնես ի՞նչ մտածեց կամ զգաց նախկին խորհրդականը, որը մի քանի օր հետո դարձավ օգնական, քանի որ, օրենքներից, պետական և քաղաքացիական ծառայության համակարգից գաղափար չունեցող երիտասարդ նախարարը (առաջիկայում մանրակրկիտ կհիմնավորեմ) թյուրիմացաբար խորհրդական էր նշանակել շատ գործունյա մի երիտասարդի, որը օրենքով սահմանված բավարար աշխատանքային ստաժ չուներ, բայց ուներ թաղային հեղինակության բացառիկ որակներ և ընդգրկված է ձեր նախընտրական ցուցակում: Իհարկե, նախարարը հետագայում հրապարակավ ներողություն խնդրեց հայ ժողովրդից, և Վաղարշակ Հակոբյանը շարունակեց իրականացնել նույն գործը՝ օգնականի պաշտոնում: Ափսոս սխալներ գործելն ու ներողություն խնդրելը դարձան վարքագիծ:
Այս ամենի մեջ ամենազավեշտականն ու միաժամանակ ցավալին այն էր, որ նոր նախարարի հրաշալի հայտնությունից 16 օր հետո, ինձ դուրս կանչեցին Սփյուռքի լրագրողների համահայկական համաժողովի նիստից, որի համակազմակերպիչն էի, և օրինաց կարգով տեղեկացրին, որ իմ պաշտոնը կրճատված է (կարող էին, օրինակ՝ այդ քայլն անել մի քիչ մարդկայնորեն, մինչև նիստն ավարտվեր): Եվ իմ շատ մարդկային, գուցե ոչ այնքան շրջահայաց արձագանքը եղավ այն, որ որոշեցի հրաժեշտ տալ իմ սիրելի սփյուռքահայ շուրջ 70 լրագրողներին, որոնց հետ աշխատել էի նախարարության գոյության տաս տարիների ընթացքում և որոնց անսահման սիրում էի: Գուցեև հրաժեշտը թունդ ու զգացմունքային եղավ, ինչևէ: Ի դեպ, այդ համաժողովում վարչապետի հետ Վրաստանում գտնվող սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը գրել էի ես՝ կես ժամում և փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը անձամբ, ելույթը ձեռքին եկավ իմ աշխատասենյակ և բացականչեց, որ այդ խոսքը հրաշք էր:
Պարոն վարչապետ, սրտացավ քաղաքացու և քաղաքացիական ծառայողի տագնապով ես Ձեզ, հանգամանալից նամակ գրեցի, բայց վստահ եմ այն ունեցավ հասցեատիրոջը չհասած նամակի տխուր ճակատագիր, որի հետագա ընթացքը ծիծաղելիության աստիճան աբսուրդ էր և աբսուրդի աստիճան ծիծաղելի: Նամակը մակագրվել էր Սփյուռքի նախարարությանը, և նրանք պատասխանել էին ինչպես որ հարկն էր: Ես կարող եմ նամակը տեղադրել Ձեր ֆեյսբուքյան էջում, կամ հրապարակել, եթե նպատակահարմար գտնեմ:
Իհարկե, հասկանում եմ, որ Դուք բազմազբաղ եք և ֆիզիկապես չեք կարող բազմահազար նամակներ կարդալ, բայց ես միամտություն ունեցա, հավատալու, որ այդ նամակը յուրահատուկ է և արժանի ուշադրության, առնվազն՝ պատշաճ պատասխանի: Ինչևէ, այս և բազում այլ խորքային խնդիրների ես կանդրադառնամ հաջորդիվ:
-Ինչի՞ համար էր այդ ծավալուն շեղումը, կարելի՞ է եզրակացնել, որ այս հոդվածաշարը վիրավորանքի կամ վրեժխնդրության արտահայտություն է,
-Քավ լիցի: Այ՛ո, շեղումը մեծ եղավ, բայց սա նախաբան է, և ես նպատակահարմար գտա այս պահին բացել այս փակագիծը: Բոլոր մյուս փակագծերը կբացվեն հընթացս:
Ես իրոք շնորհակալ եմ հեղափոխությանը, անձամբ Ձեզ, գուցե ճակատագրին, գուցե Արարչին, որ ես այսօր ազատ եմ, վերագտել եմ իմ ստեղծագործ էությունը և վերջապես կարող եմ, ինչպես որ հարկն է, օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին:
Այս ընթացքում, որպես երկրի հպարտ ու սրտացավ քաղաքացի՝ հետևեցի ընթացող զարգացումներին, հանրային տրամադրություններին, մամուլի հրապարակումներին: Ուրախացա, վերջապես երկրում տեսնելով քաղաքական բանավեճերի ծիլերը: Ամենատես աչքի զգացողությամբ զարմացա ու հիացա, հիասթափվեցի ու նոր հույսերով տոգորվեցի, դառնացա ու տագնապեցի և համակվեցի նոր երազանքներով, նոր հավատով:
Փառք Ամենակալին, որ հնարավորություն ունեցա լրջորեն զբաղվել ինքնազարգացմամբ, մասնակցել Ամերիկյան համալսարանի անգլերենի կատարելագործման դասընթացին, մեկ այլ ոչ ֆորմալ դասընթացի, զբաղվել սպորտով, կուտակված անձնական խնդիրների լուծմամբ և, որ ամենակարևորն է. գրել, նորից անհագ կարդալ, կարդալ նոր գրքեր, իրականության թելադրանքով վերընթերցել մեր մեծերի այնքան համահունչ ստեղծագործությունները՝ Օտյանի «Ընկեր Փանջունին», Չարենցի «Երկիր Նաիրին» ու «Կապկազ թամաշան», Պարոնյանի «Ազգային ջոջերն» ու «Մեծապատիվ մուրացկանները», Լեռ Կամսարի մանրապատումները, Խորենացու «Ողբը», Նարեկացու «Մատյանը»:
Ափսոս, որ դեռ չեմ կարդացել Ձեր «Երկրի հակառակ կողմը», որն այսօր ամենապահանջվածն է, ամենացիտվողը, ամենապետքականը, ձեռքից ձեռք խլվողը: Խոստանում եմ առաջին հնարավորության դեպքում ոչ միայն կարդալ, այլ նաև գրախոսել:
Կարծում եմ, Ձեզ համար ակնհայտ դարձավ, որ իմ հոդվածաշարի տրամաբանությունը բխում է Ձեր գրքի վերնագրից:
Այո՛, ես ներկայացնելու եմ երկրի երրորդ կողմը՝ նրա խորքը:
Շարունակելի
Էվելինա Բաղդասարյան՝ Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ