Լրահոս
Օրվա լրահոսը

Խոնարհվողի թիկունքում հնարավոր չէ թաքնվել

Դեկտեմբեր 14,2018 17:06

Դե ինչ, ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական քարոզարշավի ընթացքում համացանցային կայքերը հեղեղված էին ընտրությունների վերաբերյալ վերլուծական հոդվածներով, հարցազրույցներով, հայտարարություններով, կանխատեսումներով: Ոչ ոք չէր կասկածում, որ ընտրություններում հաղթելու է «Իմ քայլը» դաշինքը և դա նաև բարձրաձայնում էին ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը: Իսկ ինչ վերաբերվում էր ընտրական օրենսգրքով նախատեսված՝ ընդդիմությանը հատկացվող 30 տոկոս տեղերին, ապա այդտեղ իրենց տեսնում էին բոլոր մյուս մասնակիցները (ընդ որում՝ հատկապես երկրորդ տեղն զբաղեցնելու մեծ մասի վստահ հայտարարությունները զավեշտի ժանրին կարելի էր դասել):

Վերջապես, առանց կեղծիքների ընտրությունների արդյունքում ընտրված է մեր երկրի խորհրդարանը: Ժողովրդից ստացած քվեով որոշվել են այն երեք քաղաքական ուժերը, որոնք ապահովելու են մեր օրենսդիր իշխանության գործունեությունը: Հասկանալի է, թե մեր Ազգային ժողովի որակյալ աշխատանքի համար որքան կարևոր է լինելու ինչպես «Իմ քայլը» դաշինքի, այնպես էլ խորհրդարան մտած մյուս երկու ուժերի կազմերում տեղ գտած սկզբունքային, գիտակ և պետական մտածողություն ունեցող պատգամավորների քանակը: Հիմնականում, այդպիսի պատգամավորներն են քննարկումների ժամանակ իրականացնելու առողջ բանավեճեր, դառնալու են երկրի համար կարևոր օրենքների նախագծերի հեղինակներ: Նրանք են միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերը հաստատելուց առաջ բծախնդրորեն քննարկելու դրանք և բարձրաձայնելու են, եթե դրանց մեջ նկատեն մեր պետության շահերին հակասող ձևակերպումներ:

Այնուհանդերձ, ԱԺ-ի որոշումների ընդունվել-չընդունվելը կախված է լինելու խորհրդարանական մեծամասնության հավաքական որոշումից: Իսկ ինչ անհատներից է կազմված այդ մեծամասնությունը: Գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի համար ավելի շատ դեր է խաղացել Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը, քան այդ դաշինքի ընտրական ցուցակում գտնվող և հանրությանն անծանոթ բազմաթիվ պատգամավորական թեկնածուների նախընտրական անհատական հանդիպումները ընտրողների հետ: Արդյունքում, ժողովրդի սերը վայելող Փաշինյանն իր ետևից խորհրդարան է տարել մարդկանց, որոնցից շատերի  կարողություններին ու արժանիքներին ընտրողը ծանոթացել է ոչ թե մինչև դեկտեմբերի 9-ը, այլ ծանոթանալու է նրանց պատգամավորական գործունեության ընթացքում: Կոպիտ ասած՝ նրանք խորհրդարան են մտել, Նիկոլ Փաշինյանի թիկունքում չերևալով: Իսկ գոնե կերևա՞ն նրանք ԱԺ-ի նիստերի ժամանակ, կլսե՞նք նրանց բոլորի ձայնը:

Հիշում ենք, որ նախորդ գումարումների Ազգային ժողովի իշխող մեծամասնություններում եղել են պատգամավորներ, որոնք երբևիցե որևէ ելույթ չեն ունեցել, այլ իրենց կուսակցության հրահանգներով եղել են միայն քվեարկության կոճակ սեղմողներ: Չեմ ուզում հավատալ, որ նոր գումարման Ազգային ժողովի իշխող մեծամասնությունում էլ այդպիսիներ կլինեն, քանի որ այդ դեպքում նրանց պատգամավորական գործունեությունից ժողովուրդն առաջիկայում կհիասթափվի և դա էլ կտանի հեղափոխության առաջնորդից ու նրա թիմից արագ հիասթափվելուն:

Այնպես որ, եթե «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում գտնվեն պատգամավորներ, որոնք ակտիվ գործունեություն չծավալելով, պարզապես զբաղեցնեն իրենց պատգամավորական պատվավոր աթոռները և բավարարվեն միայն կառավարությանը ձեռնտու քվեարկություններ կատարելով, նրանց չի հաջողվի թաքնվել հասարակության տեսադաշտից, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում մշտապես կրկնում է ժողովրդի առջև խոնարհվելու իր վարքագիծը: Իսկ խոնարհվողի թիկունքում հնարավոր չէ թաքնվել:

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31