«Ես ափսոսում եմ, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չէ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա ասաց, որ «ՀՀԿ-ին հաջողվեց այս կարճ ժամանակահատվածում կրեատիվ նախընտրական պայքար կազմակերպել ու նույնիսկ 0-ից ցածր վարկանիշից հասնել մինչեւ 4,7% վարկանիշի: Այդուհանդերձ, ՀՀԿ-ի հատկապես նոր դեմքերով ներկայացված կուսակցությունը կարող է հանրային կյանքում կարեւոր դերակատարում ստանձնել ու ինչ-որ մի տեղ հանրության մի հատվածի համար նա սպասելի է: Ընդամենը 10-12 օրվա նախընտրական մրցապայքարի արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց անել իմ կարծիքով անհավանականը՝ 4,7 տոկոս ձայներ հավաքել ու վարկանիշը հասցնել այդ մակարդակի: Եթե մի քանի օր երկար լիներ նախընտրական շրջանը, ՀՀԿ-ին կհաջողվեր հաղթահարել 5 տոկոսի շեմը»: Ըստ Խոսրով Հարությունյանի, այն, որ ՀՀԿ-ն այդքան ձայն հավաքեց, խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ նա ՀՀԿ-ի թիմով չմասնակցեց ընտրություններին, առաջարկ չի՞ եղել, նաեւ հետաքրքրվեցին՝ նոր իշխանություններից համագործակցության առաջարկ ստացե՞լ է՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ից առաջարկ եղել է մասնակցել, ինքը գտել է, որ նոր պայմաններում ՀՀԿ-ն պետք է սեփական ուժերով դիմագրավեր իրեն նետված մարտահրավերները. «Սա չի նշանակում, որ ես հրաժարվել եմ ՀՀԿ-ի հետ համագործակցությունից: ՀՀԿ-ն ապրում էր իր ոչ լավ ժամանակները եւ պետք է սեփական ուժերով դա հաղթահարեր: Ինչ վերաբերում է նոր իշխանություններին, առաջարկ ինձ չի եղել ու ես չեմ կարծում, որ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ