Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի քան 14 միլիոն դոլար է հանգանակվել «Հայաստան» համաhայկական հիմնադրամին

Դեկտեմբեր 14,2018 15:44

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունները կազմում են 14 միլիոն 115 հազար 940 դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը: Հիմնադրամի նվիրատվությունների նախնական գումարը կազմում էր 11 մլն 109 հազար 633 դոլար:

Արշամյանը ներկայացրեց հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների հանգանակությունները: Ըստ այդմ՝ 2.3 մլն դոլար հիմնադրամին նվիրել է անանուն բարերարը: Իրանահայ Հենրիկ եւ Ադրինե Տեր-Ղուկասյանները 1 մլն 340 հազար դոլար են նվիրաբերել. այս գումարով, ինչպես նպատակադրել են բարերարները, հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը: Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը 1 մլն դոլար է նվիրաբերել, այս գումարով հիմնանորոգվելու է Արցախի Գետավան համայնքի դպրոցը:

Հիշեցնենք, որ այս նվիրատվությունների մասին դեռեւս ամռանը հայտնել էր հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Հայկակ Արշամյանը նաեւ տեղեկացրեց, որ 1 մլն դոլար էր հիմնադրամին նվիրաբերել ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը, Արցախից հիմնադրամին նվիրաբերել են 700 հազար դոլար, Իրանի հայ համայնքը՝ 100 հազար դոլար, Եգիպտոսի հայոց թեմը՝ Կահիրեի ազգային առաջնորդարանը՝ 10 հազար դոլար: Գեւիկ եւ Փիթեր Բաղդասարյաններ ու ընկերներ՝ նվիրաբերել են 61 հազար դոլար:
Արշամյանի վստահեցմամբ՝ այս տարի աննախադեպ արդյունք են ունեցել Տորոնտոյում, այստեղ 1 մլն դոլարից ավելի գումար է հավաքվել. «Իրենք ամենամեծ գումարը, որ հավաքել են, 600 հազար դոլար է եղել»:

Հիմնադրամի տնօրենի խոսքերով՝ խոշոր նվիրատուները գումարները հիմնականում մեծ ծրագրերի համար են նվիրաբերում:

2 օր առաջ, ըստ Արշամյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը UNICEF-ի հետ դրամահավաք է իրականացրել, արդյունքում 245 հազար դոլար է հանգանակվել, բայց առայժմ պարզ չէ, թե այս գումարից որքանը կուղղվի հիմնադրամին. «Այդ դրամահավաքը կազմակերպված է եղել երկրաշարժի 30-ամյա տարելիցին: Հիմնական մասը գնալու է Գյումրի եւ Սպիտակ քաղաքներին»:

Ռուսաստանից Սամվել Կարապետյանն է մեծ գումար նվիրաբերել՝ 2․8 միլիոն դոլար, որը հիմնականում ուղղվելու է Արցախին:

Ընդհանուր առմամբ, ինչպես հիմնադրամի տնօրենն ասաց, հեռուստամարաթոնից հետո գումարը աճել է, ի տարբերություն նախորդ տարվա, երբ 12 միլիոն դոլարի մասին էին խոսում, իրականում մուտք էր եղել 7 միլիոն դոլարի չափով:

Այս տարի ԱՄՆ-ից 2500 նվիրատուներ, ի տարբերություն անցյալ տարվա, ավելի են եղել:

Ըստ Արշամյանի, Տորոնտոյում մի նվիրատու կա, որը իր «ձեռքի տակ է» վերցրել Արմավիրի Նալբանդյան գյուղը, այս նվիրատուի ազգանունը Նալբանդյան է, եւ նա, իմանալով , որ Հայաստանում նման գյուղ կա, որոշել է այդտեղ տներ կառուցել, բժշկական կենտրոն կառուցել:

Հայկակ Արշամյանի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ից Սրբուհի Սարգսյանը նվիրաբերել է 1 մլն դոլար՝ նրա հետ զրուցելուց հետո, Սարգսյանը սկզբում չէր համաձայնվում. «Այդ գումարով Հայաստանում ընտանեկան բռնության դեմ ծրագիր ենք իրականացնելու, կենտրոն ենք ստեղծելու, որպեսզի որքան հնարավոր է դրա ցուցանիշները նվազեցնենք»:

Հայկակ Արշամյանն ասաց, որ այս պահին բանակցություններ են տանում «Մայքրոսոֆթի» հետ. «Հույս ունենք «Մայքրոսոֆթը» մեծածավալ գործունեություն կիրականացնի Հայաստանում հենց հիմնադրամի միջոցով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31