Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում տարակուսանք է հայտնել, թե չի հասկանում՝ ինչու են Հայաստանում դեմ ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուին:
«Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»,- ասել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, քանի որ հենց նա է կազմակերպությունը «ներքաշել» իր ներքաղաքական խնդիրների մեջ:
«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (Բելառուսի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը-խմբ.): Բանիմաց տղա է, շատ փորձ ունի շտաբային աշխատանքի: Նա պետքարտուղար է, նրան բոլոր նախագահները ճանաչում են »,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հիշեցրել է, որ առաջարկել է Զասին այցելել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներ, այդ թվում Հայաստան: «Եթե դուք պատրաստ եք նրան ընդունել, լսել… Կարող եք չհամաձայնել (նրա թեկնածության հետ-խմբ.), կարող եք հետևել ձեր սկզբունքներին: Բայց խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչու՞ եք վախենում բելառուսներից: Չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ