Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը՝ իշխանությունների ձեռքբերումների մասին

Դեկտեմբեր 14,2018 15:28

ԱԺ դեռեւս գործող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում խոսելով ԱԺ ընտրությունների մասին՝ ասաց, որ այս ընտրությունների միջոցով պետք է կապիտալացվեին ապրիլ-մայիսյան հաղթանակները ու սկսեց թվարկել, թե ընտրությունների ժամանակ գործող իշխանություններն ինչ ձեռքբերումներ են ունեցել՝ ՀՀԿ-ի իշխանության հետ համեմատած. «Որոշ ձեռքբերումներ պետք է արձանագրել՝ ընտրական գործընթացը զերծ մնաց ընտրակաշառքից, սա ակնհայտ է, երկրորդ կարեւոր ձեռքբերումն այն է, որ խոշոր կապիտալը, տնտեսության վրա ուղղակի ազդեցություն ունեցողները մասնակցություն չունեին, արդյունքում՝ նրանք ներկայացված չեն առաջիկա խորհրդարանում: Սա ամենալուրջ ձեռքբերումն է: Ուղղորդումներ չկային, չեմ կարծում, որ վարչական ռեսուրսների օգտագործում չկար, բայց նրա դերակատարումը էական ազդեցություն չի թողել»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, այս խորհրդարանն իր որակներով պետք է տարբերվեր նախորդ խորհրդարաններից, այդպիսի սպասելիքներ կան, սա նշանակում է ոչ միայն մասնագիտական կարողություն պատգամավորների, այլեւ՝ փորձառություն. «Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնության կազմում ընդգրկված պատգամավորները հմտության, փորձառության ակնհայտ պակաս ունեն»: Խորհրդարանը կունենա՞ ընդդիմություն հարցին Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ֆորմալ առումով կլինի, բայց հակակշռելու առումով ավելի ակտիվ դերակատարում կունենա ԲՀԿ-ն: Իսկ «Լուսավոր Հայաստանը», ըստ Խոսրով Հարությունյանի, սկզբունքային հարցերում չի հակադրվի «Իմ քայլը» դաշինքին:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք խոսեցիք այս ընտրություններում ընտրակաշառքի բացառման, ուղղորդումների բացակայության մասին՝ որպես առաջընթաց, դուք իշխող ուժի ներկայացուցիչ եք եղել ԱԺ-ում ու երբեւէ իշխող ուժը չի ընդունել, որ ընտրակաշառքն ազդեցություն է ունեցել ընտրությունների ազդեցության վրա, ձեր ասածից տպավորություն է, որ դուք հիմա ընդունում եք՝ ընտրակաշառք, ուղղորդումներ եղել են՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ընտրակաշառք չի՞ եղել: Իշխող քաղաքական ուժն էլ էր ասում, որ ընտրակաշառք եղել է, արդյոք ինչպիսի՞ դերակատարում կարող էր ունենալ՝ վեճն այստեղ է»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ մեծամասնություն կազմելու, ընտրություններում հաղթելու կապակցությամբ, իսկ հիմա նա, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, դուք այստեղ միտում տեսնո՞ւմ եք՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Հատուկ միտում չեմ տեսնում: Կարծում եմ, միգուցե սպասում են ձայների հաշվելու ավարտը լինի ԿԸՀ որոշմամբ, միգուցե դրան են սպասում: Ես չէի փորձի այդտեղ հատուկ միտում տեսնել: Դիմեք ՌԴ դեսպանատանը եւ դեսպանատունը կպատասխանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31