Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուլղարիայի դեսպան. «Առանց հայ համայնքի` Պլովդիվը չէր լինի այդքան բազմազան»

Դեկտեմբեր 14,2018 15:21

Բուլղարական Պլովդիվ քաղաքը հայտարարվել է 2019թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Այդ առիթով ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ մայր բուհի հարկի ներքո բացվել է լուսանկարչական ցուցահանդես. հայազգի լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանը Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան աջակցությամբ մեկնել էր Պլովդիվ ու իր տեսած գեղեցիկ անկյունները լուսանկարել:

Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովան նշեց, որ 1985 թվականից է քաղաքներին շնորհվում Եվրոպայի մշակութային մայրաքաղաք կոչումը, ինչի նպատակն է մեկտեղել տարբեր մշակույթները, որոնք գոյություն ունեն եվրոպական քաղաքներում: «Շատ քաղաքներ են դարձել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչպես Աթենքը, Կրակովը, Գլազգոն, մյուսները…Դա տարիներ շարունակ զարգացրել է տարբեր մշակույթների բազմազանության ընդգծումը»,-ասաց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը խոսելով Պլովդիվի առանձնահատկությունների ու տեսարժան վայրերի մասին, հավելեց, որ անցյալն այստեղ հանդիպում է ներկային եւ ապագային: «Հասարակության մեջ մեր ամենաթանկ արժեք ներկայացնող շերտը երիտասարդներն են: Նրանք նկարիչներ են, արվեստագետներ, արվեստի հնարավոր բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ: Պատահական չէ, որ մենք հնարավորություն ընձեռեցինք հայ երիտասարդ լուսանկարչին նկարելու այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տեղի են ունենում Պլովդիվը` որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակելիս»,-հավելեց տիկին Պավլովան:

 Նա ասաց, որ հնագույն շատ արժեքներ պատահական են հայտնաբերվել այս քաղաքում, ինչպես, օրինակ, տեղի հնագույն ամֆիթատրոնը` շինարարական աշխատանքների ժամանակ է գտնվել: «Այն Եվրոպայի ամենալավ պահպանված ամֆիթատրոններից է, որը շատ քիչ վերականգնում է պահանջել»,-ասաց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Aravot.am-ի հետ զրույցում Մարիա Պովլովան հայտնեց, որ Պլովդիվը առանձնահատուկ քաղաք է, որը միավորում է բազմաթիվ մշակույթներ: Այստեղ ապրում են հայեր, հույներ, բուլղարացիներ, հրեաներ, այլ ժողովուրդներ, որոնք մեծ ներդրում ունեն մշակութային ժառանգության մեջ: Ասաց, որ Պլովդիվի այցեքարտը հենց բազմամշակութայնությունն է: «Սա Եվրոպայի հնագույն քաղաքներից է: Այն հետաքրքիր է նաեւ իր ակտիվ ու հրաշալի հայկական համայնքով: Պլովդիվի հայերը մեծ դերակատարություն ունեն Պլովդիվի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Առանց հայ համայնքի` Պլովդիվը չէր լինի այդքան բազմազան »,-շեշտեց դեսպանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հիշեցրեց, որ Պլովդիվը, ինչպես Հռոմը, տեղակայված է 7 բլուրների վրա: Նա հիշեցրեց Պլովդիվի հռոմեական անունը՝ Ֆիլիպոպոլիս:

«Եվս մի բան, որ գեղեցկացնում է Պլովդիվը, դա հայկական ժառանգությունն է, որն այսօր կարող եք տեսնել այս լուսանկարներում: Մեծ հույս եմ տածում, որ այն միջոցառումների շարքում, որոնք տեղի են ունենալու հաջորդ տարի Պլովդիվում, կլինեն նաեւ հայկական միջոցառումներ, եւ Պլովդիվը եւս մեկ անգամ կդառնա այն կամուրջը, որը կկապի Հայաստանը եվրոպական մշակույթի հետ»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանն ընդգծեց, որ ցանկացած լուսանկարչի համար հետաքրքիր է քաղաք նկարելը:

Նրա խոսքերով, քանի որ ամեն քաղաք իր հոգին ունի, որպես լուսանկարիչ պետք է փորձես «բռնել» այն եւ փոխանցել լուսանկարների միջոցով: Րաֆֆին նաեւ հավելեց, որ անչափ կարեւորում է հայկական համայնքի ներկայությունը Պլովդիվում, ինչը արտացոլված է իր լուսանկարներում: Նա ցանկություն ունի, որ իր լուսանկարները ցուցադրվեն նաեւ Գյումրիում, որը Պլովդիվի հետ քույր քաղաք է:

 Մանրամասները` տեսանյութում:

Րաֆֆի Յուրեջյանից տեղեկացանք, որ ծնվել է Լոնդոնում, մեծացել է ԱՄՆ-ում, վերջին 2 տարին ապրել է Իսպանիայում ու այժմ 6 ամիս է՝ տեղափոխվել է Հայաստան: Լուսանկարչությամբ զբաղվում է արդեն 8 տարի, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ: Ասում է, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան, քանի որ մտածում էր, որ իր տունը հենց այստեղ է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31