Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ զգացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «անկեղծ տրամադրվածությունը»՝ վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցով:
«Երեկ մենք ունեցել ենք շատ մանրամասն, դրական զրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ: Մենք զգացել ենք նրա անկեղծ տրամադրվածությունը վերսկսելու բանակցությունները՝ կառուցողական լուծում գտնելու համար»,- ասել է Լավրովը լրագրողներին:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն բանակցություններն այն բանից հետո, երբ Հայաստանում կառավարություն կձևավորվի: Նա հիշեցրել է, որ նախկինում արդեն շփումներ տեղի ունեցել են երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների միջև, սակայն դրանք տեղի են ունեցել նախքան խորհրդարանական ընտրությունները:
«Այժմ, երբ արդեն այդ փուլը ետևում է, պետք է ձևավորվի կառավարություն, որից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը,- ասել է Լավրովը:- Մենք՝ որպես երկիր, որը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի մոտ գործընկերն է, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կանենք ամեն բան՝ փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ