Լրահոս
Օրվա լրահոսը

Դատվածություն ունեցողներին աշխատանքի չեն ընդունում. մշտադիտարկում (տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2018 13:08

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայությունում եւ որոշակի խնդիրներ արձանագրել: Տեղեկացնենք, որ Պրոբացիայի ծառայողը նախ պարզում է պատիժն ազատության մեջ կրող անձի հանցագործություն կատարելու դրդապատճառները կամ իրավախախտում կատարած անձի անցյալը, ինչպես նաև՝ անձի սոցիալական, ընտանեկան, հոգեկան վիճակը, ապա մշակում անհատական ծրագիր, աջակցում մասնագիտություն ստանալու և աշխատանք գտնելու գործում: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր մշտադիտարկման արդյունքների հրապարակման ժամանակ հայտարարեց, որ ըստ արդյունքների՝ Պրոբացիայի ծառայողները պատշաճ աշխատանքային պայմաններ չունեն. օրինակ՝ որոշ մարզային գրասենյակներ գործում են այլ կառույցների տարածքներում: Որոշ դեպքերում էլ Պրոբացիայի ծառայողները խոստովանել են, որ անգամ բավարար թվով աթոռներ չունեն, իսկ գրասենյակային այլ պարագաներն իրենք են գնում՝ իրենց միջոցներով: «Թալինի աշխատակիցը համակարգչի եւ տպիչ սարքի բացակայության պատճառով մեկնում է Աշտարակ»,-որպես օրինակ մատնանշեց Արման Թաթոյանը:

Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայությանը դիմող դատապարտյալներին, հիմնական խնդիրներից մեկը ՀՀ-ից ելքի արգելքին է վերաբերում: «Որոշ դեպքերում մարդը դատավարության ընթացքում «արգելափակվում» է, բայց չի էլ իմանում, որ իր ելքը ՀՀ-ից արգելվում է: Դատավարությունն ավարտվում է, եւ մարդը խնդիրներ է ունենում ՀՀ-ից ելքի հետ կապված»,-տեղեկացրեց Արման Թաթոյանը:

Մյուս ակնառու խնդիրը, ըստ մշտադիտարկման, դատապարտված անձանց աշխատանքի ապահովումն է: ՄԻՊ-ը նշեց. «Պրոբացիոն ծառայության աշխատակիցների պնդմամբ՝ շահառուների(նկատի ունի՝ դատապարտվածների) հետ առաջին հանդիպման ժամանակ պարզում են նրանց կարիքները, ապա ուղղորդում Զբաղվածության կենտրոն, մինչդեռ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից դատապարտվածները դիտարկվում են որպես աշխատաշուկայում ոչ մրցունակ. գործատուներն էլ, իմանալով անձի դատվածության մասին, հրաժարվում են աշխատանքի ընդունել: Շահառուների մի մասն էլ հրաժարվում է ներկայանալ Զբաղվածության կենտրոն, քանի որ գտնում է, որ աշխատանք չեն առաջարկում կամ առաջարկում են շատ ցածր վարձատրությամբ աշխատանք»: Արման Թաթոյանը նաեւ հայտնեց, որ ՀՀ Արդարադատության նախարարի հետ արդեն քննարկել է արձանագրված խնդիրները եւ դրանք շտկելու պատրաստակամություն նկատել:

https://www.facebook.com/aravot.am/videos/2214997618749118/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31