Երևանի կենդանաբանական այգու և նրա տնօրենի անձի շուրջ ծավալված աղմկոտ իրադարձություններին անդրադարձը դժվար եղավ ամփոփել մեկ հրապարակման շրջանակներում: «Իրատեսը» շարունակում է զրուցել ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
-Կարելի՞ է ասել, որ զեբրի անկման մեջ դիտավորություն է եղել ինչ-որ մարդկանց կողմից: Խոսվում էր մկնդեղով թունավորված լինելու մասին: Մկնդեղն ինչպե՞ս է հայտնվել զեբրի վանդակում։
-Միանշանակ եղել է դիտավորություն: Կենդանաբանական այգում մկնդեղ ընդհանրապես չի օգտագործվում, նույնիսկ առնետների դեմ: Եվ զեբրի անկման ժամանակն էլ բնավ պատահական չէր ընտրված: Այդ օրերին Երևանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների գագաթնաժողովը, որին մասնակցում էին 120-ից ավելի հյուրեր՝ նախկին սոցիալիստական երկրների կենդանաբանական այգիներից, Բրազիլիայից, Ճապոնիայից: Գագաթնաժողովն անցավ շատ բարձր մակարդակով, և, ըստ իս, միտում կար ստվեր գցելու մեր գործունեության վրա: Բայց, այնուամենայնիվ, կատարվածը շատ դատապարտելի է և պետք է քրեորեն պատժվի. չի կարելի անձնական խնդիրներ լուծելու համար գնալ նման ստոր քայլի:
-Հասկանալի է, որ Դուք պատասխանատու եք Ձեր անմիջական ղեկավարության առաջ: Ի՞նչ կարծիքի են Ձեր գործունեության և բարձրաձայնվող այս քննադատությունների առնչությամբ Երևանի քաղաքապետարանում:
-Քաղաքապետարանում նոր է ամեն բան, նոր մարդիկ են, որոնք դեռ պետք է ուսումնասիրություններ անեն, որպեսզի ծանոթանան խնդրին խորությամբ: Բայց շատ ուրախ եմ, որ իմ անձնական հորդորը՝ սկսել ստուգումներ՝ կապված այս բոլոր խնդիրների և իմ ամբողջ գործունեության հետ, քաղաքապետարանում լսել են և ընդունել: Ասեմ, որ ամեն անգամ՝ քաղաքապետ փոխվելիս, այսպիսի բողոքներ բարձրանում են՝ տարբեր ձևաչափերով: Բայց բողոքողները չեն գիտակցում, որ երկրում այսօր, իրոք, իրավիճակ է փոխվել, և սուտը, շանտաժը չեն կարող տեղ ունենալ: Վստահ եմ, որ քաղաքապետարանի ստուգումներից հետո բոլոր զրպարտիչներն իրենց պատիժը կկրեն օրենքով սահմանված կարգով:
-Եթե կատարվեն ստուգումներ, ապացուցվի, որ Դուք իսկապես զրպարտության զոհ եք, և ոչինչ չի խանգարում Ձեր պաշտոնավարմանը, հնարավո՞ր է, որ այս ամենը Ձեր մեջ տհաճ նստվածք թողնի, և ինքներդ չցանկանաք այլևս մնալ նախկին տեղում:
-Ես իմ տեսլականը ներկայացրել եմ մեր կառավարությանը, փոխվարչապետին, քաղաքապետին: Եթե այդ տեսլականով առաջնորդվենք, գուցե ես կարողանամ հետագայում էլ օգտակար լինել Կենդանաբանական այգում և ոչ միայն այգում (փակագծեր չեմ ուզում բացել): Բայց եթե այլ կերպ դասավորվեն հանգամանքները, ես այգում մի փուլ ևս կիրականացնեմ՝ կապված կենդանիների ազատավանդակների հետ, և դրանով կավարտեմ իմ գործունեությունն այնտեղ: Բայց թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքապետարանը շատ դրական են տրամադրված, այնպես որ, ստուգումների դրական ավարտից հետո, կարծում եմ, կշարունակեմ իմ գործունեությունը:
Այդ առիթով է հենց, որ Ալըն Նայթը գտնվում է Երևանում: Նա մեր հիմնադրամի կարևոր գործընկերն է, մենք միասին իրականացնում ենք Հայաստանում արջերի փրկության ծրագիրը: Նրանց օգնությամբ մենք Ուրցաձորում ստեղծել ենք արջերի փրկարար կենտրոններ: Այսօր ընդլայնում ենք տարածքը, իրականացվում է արջերի ատամների բուժման գործընթաց, կատարվում են վիրահատություններ Անգլիայից և Պարսկաստանից ժամանած կենդանաբույժ-մասնագետների օգնությամբ: Նաև առաջարկել ենք մեր պետությանը, որ վայրի կենդանիների խնդիրների հետ կապված բացերը լրացնելու համար ներդրումներ արվեն:
https://www.youtube.com/watch?v=QLnhshSC2Rg
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում։