ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է օրերս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ առանձնազրույց ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Արման Թաթոյանը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահի հետ քննարկել են ՄԻՊ իրավասությանն առնչվող որոշակի հարցեր. «Առանձնազրույցի արդյունքներով՝ համապատասխան գրություններ եւ հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են նրա կողմից»:
Արման Թաթոյանը չբացահայտեց, թե ինչ հարցեր է բարձրացրել Ռոբերտ Քոչարյանը, քանի որ պարտավոր է առանձնազրույցի բովանդակության գաղտնիությունը պահպանել:
ՄԻՊ-ը նաեւ նշեց, որ մշտական կապի մեջ են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հետ: «Ես կատարում եմ իմ գործառույթը՝ անկախ նրանից, թե անձը ինչպիսի արարքի համար է մեղադրվում»,-ընդգծեց Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:
https://www.facebook.com/aravot.am/videos/267304120630694/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ