«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը հյուրընկալել են Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։ Քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Սիաո Բինի հետ քննարկվել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը, դրան Հայաստանի միանալու հնարավորությունը։
Ինչպես նշեցին հյուրերը, Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքներն առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։
Չինական կողմին ներկայացվեցին Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները։ Վազգեն Պետրոսյանը նշեց, որ չինական «Սինոհիդրո» ընկերությունն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունը։ Պարոն Պետրոսյանը հույս հայտնեց, որ չինական այլ շինարարական կազմակերպություններ նույնպես, որոնք մեծ փորձ ունեն կամուրջների, թունելների կառուցման գործում, հետաքրքրություն կդրսևորեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի այլ հատվածների հետագա կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցում։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ