Մինչ կառավարությունը սպասում է, որ ներդրումները շուտով կողողեն մեր տնտեսությունը, ուժեղանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։ Այս տարվա տասը ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար։ Խոսքը մասնավոր ֆինանսական փոխանցումների մասին է։
Պաշտոնական տվյալներ չկան, թե որքա՞ն գումար է դուրս եկել երկրից կանխիկի տեսքով։ Այնուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, դրանք գրեթե համարժեք են բանկային փոխանցումներին։
Թե ո՞ւր են գնացել հիշյալ գումարները եւ ի՞նչ նպատակով, հայտնի չէ։ Գոյություն չունի նման վիճակագրություն։ Հայտնի է միայն, որ քաղաքացիների կատարած մասնավոր փոխանցումների աշխարհագրությունը լայն է։
Պաշտոնական տվյալներով, ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից ավելացել է շուրջ 172 մլն դոլարով։ Ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր տարեսկզբի տասը ամիսներին ավելի քան 951 մլն դոլար են։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքը ավելացել է 22 տոկոսով։
Սա նշանակում է, որ տեղի է ունենում փողի փախուստ։ Այս հարցի պատասխանը այնքան էլ աներկբա չէ։ Մի բան պարզ է, որ անկախ նրանից, թե արտահոսքի ավելացումն ինչի հետ է կապված, գործ ունենք ոչ ցանկալի երեւույթի հետ. փոխանակ ներքին ներդրումների վերածվելու՝ հիշյալ գումարները ֆինանսավորում են ուրիշ երկրների տնտեսությունները։ Այն դեպքում, երբ կառավարությունն աչքը ջուր կտրած սպասում է օտարերկրյա կապիտալի հոսքերին, որոնք այդպես էլ չեն ստացվում։
Ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացման հարցում թե ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, կոնկրետ փաստեր չկան։ Այդ երեւույթը դիտարկվել է ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ դրան հաջորդող գրեթե բոլոր ամիսներին։ Միակ բացառությունը եղել է հունիսին, երբ նախորդ տարվա համեմատ արտահոսքը նվազել է։ Այդ ամսին Հայաստանից դուրս է բերվել 76 մլն դոլար։
Մինչդեռ ինչպես դրան նախորդող, այնպես էլ հաջորդող ամիսներին գումարների ակտիվ արտահոսք է եղել։ Ավելին՝ հունիսից սկսած ելքերն ընդհուպ մոտեցել են ամսական 100 մլն դոլարի սահմանագծին, իսկ արդեն հոկտեմբերին նույնիսկ գերազանցել են այդ ցուցանիշը։
Հոկտեմբերին արձանագրվել է բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս կատարված փոխանցումների ռեկորդային բարձր մակարդակ։ Ֆինանսական միջոցների արտահոսքը հասել է 121 մլն դոլարի։ Գումարի գրեթե կեսը՝ ավելի քան 59 միլիոնը, մտել է ռուսական շուկա։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում