ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ, պատգամավորի նախկին թեկնածու Արմեն Վարդանյանը` անցած խորհրդարանական ընտրությունների մասին
– Ընտրություններն ավարտվեցին, ինչպե՞ս եք գնահատում դրանք` արդեն ոչ իբրեւ անկախ փորձագետ, այլ իբրեւ մասնակից: Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը այս անգամ կարծես փոխարինեց ընտրակաշառքին եւ վարչական ռեսուրսին:
– Վստահաբար կարելի է ասել, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունը 1991 թվականից ի վեր ամենաազատ եւ ամենաարդար համապետական ընտրությունն էր: Սակայն, դրանով հանդերձ, դեռեւս կան որոշակի խնդիրներ, որոնք խանգարում են լիարժեք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն: Դրանցից մեկը չարաբաստիկ ռեյտինգային ընտրակարգն է, մյուսը՝ ընտրություններին իշխող ուժի համար համատարած գյուղապետ-քաղաքապետերի կողմից ձայներ բերելու գործին լծվելը: Այս վերջին հանգամանքը թեեւ դժվար ապացուցելի, բայց խիստ նկատելի էր: Այս տեսանկյունից դեռեւս կա վարչական ռեսուրսի օգտագործում, եւ այս խնդիրը դեռեւս անլուծելի խնդիր է ընդդիմադիր կուսակցությունների համար:
– Դուք ընտրություններին մասնակցեցիք վարկանիշային ընտրակարգով. միշտ այդ ընտրակարգին դեմ եք արտահայտվել, հիմա, արդեն ոչ տեսական, այլ գործնական արտահայտությամբ՝ ի՞նչ դրական կամ ի՞նչ բացասական կողմեր ունի այդ ընտրակարգը: Ուշագրավ էր, որ իշխանությունը ներկայացնող, սակայն հանրային ճանաչում չունեցող շատ մարդիկ անհավանական քվեներ ստացան: Ինչո՞վ սա բացատրել:
– Ռեյտինգային ընտրակարգը ավելի շատ բացասական կողմեր ունի, քան դրական: Ամենաբացասական կողմն այն է, որ ռեյտինգային ընտրակարգը հավասար հնարավորություններ չի ապահովում մրցակից քաղաքական ուժերի համար, քանի որ այդ դեպքում մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն է ստանում տվյալ պահին գործող իշխանությունը: Անցած տարի դա ՀՀԿ-ն էր, իսկ այժմ՝ «Իմ քայլը» դաշինքը: Ամենավառ օրինակը՝ անցած տարի այն ժամանակվա «Ելք» դաշինքի կազմում ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող մի շարք թեկնածուներ ստացել են մի քանի հարյուր, իսկ այժմ՝ 10 000-20000 ձայն: Այսպես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անցած տարի ստացել է 383, իսկ այժմ՝ 22604, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը անցած տարի՝ 940, իսկ այժմ՝ 20934, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նախորդ տարի` 420, իսկ այժմ՝ 12096 ձայն եւ այլն: Բացի դրանից, ռեյտինգային ընտրակարգի դեպքում գաղափարական պայքար շատ քիչ է գնում, ընտրողները ընտրություն են կատարում ոչ թե կուսակցությունների գաղափարախոսությունների, ծրագրային դրույթների միջեւ, այլ շատ հաճախ նախապատվությունը տալիս են ծանոթ-բարեկամ սկզբունքին: Այս ընտրակարգի եւս մեկ թերություններից մեկն էլ այն է, որ երբեմն խախտվում է ժողովրդավարական ընտրությունների ամենակարեւոր սկզբունքներից մեկը՝ թափանցիկության սկզբունքը: Օրինակ՝ գյուղերից մեկում ինձ ծանոթ ընտրողը վախեցավ քվեարկել իմ օգտին, քանի որ իր գործատուն նույնպես թեկնածու էր, եւ եթե նրան չընտրեր, եւ այդ գյուղում այդ թեկնածուի օգտին գրանցվեր 0 ձայն, կբացահայտվեր, որ նա չի քվեարկել իր գործատուի օգտին: Այս ընտրակարգի թերեւս միակ դրական կողմն այն է, որ ընտրողն է որոշում, թե որ թեկնածուն պետք է իրեն ներկայացնի խորհրդարանում:
– Սպասելի՞ էր ՀՀԿ-ի` 5 տոկոսանոց շեմը չհաղթահարելը: Սա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա նոր խորհրդարանի գործունեության վրա, այն իմաստով, որ «Լուսավոր Հայաստանը» եւ ԲՀԿ-ն ֆորմալ առումով են լինելու ընդդիմություն, քանի որ Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը համագործակցության մասին ստորագրած հուշագիր ունեն, իսկ ԼՀԿ-ն իր մոտեցումներով, տեսլականներով չի տարբերվում իշխող ուժից:
– Անկեղծ ասած, ես կարծում էի, որ ՀՀԿ-ն կանցնի խորհրդարան, բայց նրան մի քիչ չհերիքեց ԱԺ-ում հայտնվելու համար: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հանրապետականի չանցնելը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա գալիք ԱԺ-ի վրա, ապա պետք է ասեմ, որ երբ խնդրին նայում եմ էմոցիոնալ տեսանկյունից, ապա թվում է, թե դա շատ լավ է՝ հաշվի առնելով Հայաստանին այդ կուսակցության եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից պատճառած վնասը: Բայց երբ խնդրին նայում եմ ավելի ռացիոնալ, գալիս եմ այն մտքին, որ շատ լավ կլիներ, որ ՀՀԿ-ն թեկուզ փոքրիկ խմբակցության տեսքով, բայց ներկայացված լիներ ԱԺ-ում, որովհետեւ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը փորձառու քաղաքական գործիչներ են, եւ նրանց գիտելիքներն ու փորձը մեծ օգուտ կտային Հայաստանին: Իսկ ահա ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» պետք է ապացուցեն, որ իրենք կարող են լինել արդյունավետ եւ որակյալ ընդդիմություն: Այժմ արդեն, երբ ավարտվել է հեղափոխությունը, եւ մենք մտել ենք մի նոր շրջափուլ, ոչինչ չի խանգարում այդ կուսակցություններին քննադատել իշխանություններին, մատնանշել նրանց սխալները, հանդես գալ այլընտրանքային ծրագրերով, մի խոսքով՝ լինել որակյալ, այլ ոչ թե ֆորմալ ընդդիմություն:
– ՀՅԴ-ի քվեները անակնկալ չէի՞ն. այդ ուժը երկու ամիս առաջ տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններում հազիվ մեկ տոկոս հավաքեց:
– ՀՅԴ-ի ստացած ձայները անակնկալ չէին, եթե հաշվի առնենք, որ այդ կուսակցությունը ավանդաբար ուժեղ է մարզերում, եւ Երեւանի ավագանու ընտրություններին իրենք միշտ էլ չեն հաղթահարել անցողիկ շեմը, բայց համապետական ընտրությունների արդյունքներով հայտնվել են ԱԺ-ում:
– Կիսո՞ւմ եք մոտեցումը, որ այս խորհրդարանը կարճ կյանք ունի:
– Չեմ կարծում, թե այս խորհրդարանը կարճ կյանք կունենա: Բայց, մյուս կողմից էլ, մեկ տարի առաջ էլ որեւէ մեկը չէր պատկերացնի, որ ԱԺ-ն մեկ տարի հետո ցրվելու է: Այնպես որ, արդեն ոչինչ չի կարել բացառել մեր քաղաքական դաշտում:
– Ի՞նչ տեսք կունենա հաջորդ կառավարությունը. խորհրդարանում չներկայացված ուժերից կարող մարդկանց կտեսնե՞նք հաջորդ կառավարությունում:
– Կարծում եմ՝ նոր կառավարության կազմում կլինեն միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ: Չեմ կարծում, թե արտախորհրդարանական ուժերից մարդիկ հայտնվեն կառավարության մեջ:
– Քարոզարշավում ՀՀԿ-ն եւ «Սասնա ծռերը» առաջին պլան մղեցին Արցախի հարցը, կրկին օրակարգային դարձավ «հող հանձնելու» գաղափարը: Սրանք նախընտրական լոզունգնե՞ր էին, թե՞ առաջիկայում ականատես կլինենք զարգացումների, գուցե նաեւ՝ վտանգավոր:
– Արցախի հարցը մշտապես գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից շահարկվել է. երբեմն հիմնավոր, երբեմն էլ անհիմն՝ ընդդիմությունը իշխանությանը մեղադրել է «հողեր հանձնելու» մեջ: Չեմ կարծում, թե այս իշխանությունը «հող կհանձնի» Ադրբեջանին: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, շուտով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կակտիվացնեն իրենց ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Դրա նախանշանները երեւացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձներում եւ Ջոն Բոլթոնի՝ Երեւանում կատարած հայտարարություններում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2018