Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասին սպառնալիքով ստիպել են ընդունել չգործած մեղքը

Դեկտեմբեր 14,2018 13:00

2018 թվականի նոյեմբերի 8-ին Արարատի մարզի ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցները ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի Նոյակերտ գյուղում բնակվող Ն. Հ.-ի բազմազավակ (8 երեխա) ընտանիքի կրտսեր որդուն՝ անչափահաս Ս.Հ.-ին եւ շատ արագ, ինչպես իրենք են սիրում ասել՝ «տաք հետքերով» ինքնախոստովանական ցուցմունք են կորզել նրանից, այն մասին, որ նա բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով մտել է իրենց հարեւանությամբ բնակվող Ա. Կարապետյանի բնակարան եւ գողացել նրա մեկ զույգ ոսկյա ականջօղը: Հարուցվել է քրեական գործ, Ս. Հ.-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:

Դեպքի օրը մեր հասարակական կազմակերպություն ահազանգ է ներկայացրել անչափահասի մայրը եւ հայտնել, որ իր անչափահաս տղային, որն ունի առողջական խնդիրներ, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին, սպառնալիքներ են տեղացել, ծեծի են ենթարկել: Կատարվածի մասին ես տեղեկացրել եմ ՀՀ ոստիկանության հերթապահ մաս: Որոշ ժամանակ անց ստացել եմ պատասխան գրություն, առ այն, որ Սասուն Հախյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել կատարվածի մասին եւ ցույց տվել գողոնի տեղը: Գողոնը հայտնաբերվել է: Նրան չեն ծեծել, չեն սպառնացել կամ հայհոյել:

Երեկ առավոտյան դեպքի մանրամասների մասին Ս.Հ.-ի ընտանիքից կրկին ստանալով ահազանգ, մեկնեցի Նոյակերտ գյուղ, որպեսզի տեղում պարզեմ կատարվածը: Հանդիպեցի Ս. Հ.-ի, նրա ծնողների եւ ընտանիքի անդամների հետ: Անձամբ կասկածյալից տեղեկացա, որ ոստիկանության Արտաշատի բաժնում հայհոյել ու ծեծի են ենթարկել իրեն, ասել են՝ «դուբինկի տակ կքցենք, էնքան կխփենք, որ ձերոնք էլ չեն իմանա քո տեղը, մինչեւ չասես, որ ես եմ արել»: Ինքը վախեցել եւ ինքնախոստովանական ցուցմունք է գրել:

Տեղեկացա նաեւ, որ Ս.Հ.-ն շուրջ մեկուկես տարի շարունակ պարբերաբար վճարի դիմաց որոշ աշխատանքներ է կատարել «տուժողի» տանը կից հողատարածքում, մաքրել է բակը, հողային աշխատանքներ է կատարել: Վերջին անգամ, երբ դուրս է եկել այդ տարածքից, պատահաբար հանդիպել է համագյուղացի, գործով մյուս ամբաստանյալ, անչափահաս Ս.-ին, ով նրան հայտնել է, որ դուռը բաց է եղել, ինքը մուտք է գործել «տուժողի» տուն, սեղանի վրա տեսել է ոսկյա ականջօղեր, վերցրել ու դուրս է եկել: Սասուն Հախյանը նախատել է նրան, մեկ անգամ բռունցքով հարվածել ու պահանջել, որ անմիջապես հետ վերադարձնի գողացածը: Վերջինս վախեցել է հետ գնալ, ինքը վերցրել է ականջօղերը, շպրտել կնոջ տան դռան մոտ խոտերի մեջ: Օրեր անց այդ տեղը ցույց է տվել ոստիկաններին, որտեղից էլ հայտնաբերվել է գողոնը: Այս գործում զարմանալի ու հետաքրքրաշարժ էլի բաներ կան: Գործով տուժողը նոր ցուցմունքներ է տվել նախաքննության մարմին, իբր նոր է նկատել, որ իր ոսկյա մատանին էլ չկա, գումարներ էլ են անհետացել, որի մասին ինքը նոր է հիշել: Նախաքննության մարմին նույն գյուղից ոմն մեկը, որը Ս. Հ.-ի դասընկերն է, գնացել է նրանց տուն, հաց են կերել միասին ընտանիքի հետ, այդ ընթացքում գաղտնի ձայնագրել է խոսակցությունը եւ ներկայացրել քննչական մարմիններին: Թե ում դրդմամբ կամ ինչ նպատակով, մնում է անհայտ:

Ամփոփելով կատարվածը՝ ասեմ, որ նախաքննության մարմինը շարունակում է գործել հին Հայաստանի փորձված ձեռագրով: Մենք արմատախիլ կանենք ամեն գնով չբացահայտված գործ չթողնելու կործանարար երեւույթը, ինչին, որպես կանոն, զոհ էին դառնում առաջին հերթին խեղճերն ու տնանկները:

Ս.Հ.-ն 88-ի փախստականների ընտանիքից է, ունի առողջական խնդիրներ: Բռնցքամարտի պարապմունքի ժամանակ գլխին ստացած հարվածից վատացել է, դրանից հետո ձախ ականջը երբեմն չի լսում, ունի այլ նյարդային խնդիրներ: Գյուղում նրան բնութագրեցին դրականորեն: Համագյուղացիները եւ հարեւանները դրական կարծիք հայտնեցին թե Հախյանների ընտանիքի, թե Ս.-ի մասին՝ «աշխատող, համեստ, մեծին հարգող տղա է, եթե իրեն չտուժի, ուրիշին չի տուժի»:

Սպասենք արդար հատուցման: Իսկ մինչ այդ Վալերի Օսիպյանից ու քննչականի պետից պահանջում եմ պարզաբանում տալ ու ծառայողական քննություն անցկացնել անչափահասի նկատմամբ նման վերաբերմունքի համար:

ԽԱՉԻԿ ՄԱՐՈԶՅԱՆ

իրավապաշտպան

«Առավոտ» օրաթերթ

13.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31