Հարցազրույց մոսկվաբնակ գրող Ջոն Թորոսյանի հետ
– Ինչպե՞ս ծնվեց քո՛ «Արեւի որդին», որի շնորհանդեսը վերջերս կայացավ Երեւանում:
– «Արեւի որդին» ծնվել է ինձ հետ, ինձանից առաջ…Նա հավաքական կերպար է, մեզանից յուրաքանչյուրը Արեւորդի է… Լույսը մեր մեջ է ծննդյան վայրկյանից։ Թեման վաղուց եռում էր, դուրս թռավ հրաբուխի պես…
– Ո՞վ է քո ամենամեծ քննադատը…
– Նախեւառաջ ես, հետո Գոհարը` կինս, կամ Վանոն (նկատի ունի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանին, որը համակուրսեցին է եղել), նայած թե երբ է գրվել, ո՞վ է շուտ հասցրել… Հետո ֆեյսբուքյան ընկերներս, կան մարդիկ, ում կարծիքն ինձ համար անչափ կարեւոր է։
– Գոհարի հետ բանավեճեր ունենո՞ւմ եք։
– Ես չէի ասի բանավեճ, ավելի շուտ տաք զրույց, որոնք ոռոգիչ են…
– Ինչո՞ւ արձակ եւ ոչ պոեզիա։
– Ինձ համար բոլոր ժանրերն էլ ընդունելի են, հաճախ եմ տեղս փոխում, բանաստեղծությունը պահի պոռթկում է, հոգու համառոտ պատճենը մի կտոր թղթի վրա, արձակը՝ հետեւողական աշխատանք ու բավականին հոգնեցուցիչ։ Վիպագրության մեջ ավելի շատ դիմացկուն նստատեղ է պետք … Երբեմն պոեզիան չի բավարարում ամբողջն ասելու համար, փոքրածավալ բանաստեղծությունները՝ ինչպես փոքրիկ էտյուդներ, մերթ ընդ մերթ տեղափոխվում են մեծ կտավի վրա, ամբողջանալով՝ դառնում պոեմ, պատմվածքները՝ վեպ։ Սահմանը դժվար է որոշել…
– Քո հույզի ակունքը… ի՞նչը կարող է տող դառնալ։
– Կյանքը՝ ապրումներս, վերապրումներս, անհնազանդ մարդու հոգեվիճակը…
– Դու գործարար ես ու գրչի մարդ, ի՞նչն է կապում գործարար Ջոն Թորոսյանին գրող Ջոն Թորոսյանի հետ։
– Դա մի ամբողջություն է։ Այսօրվա գրողը սովի է մատնված։ Ո՛չ հոնորար կա, ո՛չ պետական հովանավորություն կամ աջակցություն։ Գրողը պարտավոր է ունենալ մարմինը սնող միջոց, նա ընտանիք կերակրող ձեռքն է, գրականությունը հոգին զարդարելու ձեւ է։ Ամենագեղեցիկ միտքը գեղարվեստականն է, եթե ուզում ես խոսքը տեղ հասնի՝ լավագույն միջոցը գեղարվեստականն է… Չգիտեմ՝ որքանո՞վ եմ խոսքս հասու դարձնում մարդկանց, բայց շատ կուզենայի, որ իմ ներսի լույսը լուսավորեր գոնե մի քանի հոգու ճանապարհ… Իմիջիայլոց, ասեմ՝ գրող Ջոնը բավականին շատ է խանգարում գործարար Ջոնին։ Երբ լռում էի, գործն ավելի հեշտ էր տրվում ինձ, դա 25 տարվա պատմություն է… Այժմ երկտակված եմ. ոչ մեկում կամ ամբողջապես, ոչ՝ մյուսում։ Այնպես որ, ես վերջից եմ գալիս սկիզբ ու բավականին մեծ դժվարություններ հաղթահարելով։ Փառք Աստծո, իմ երկար տարիների լռությունը ոչ խլացրել է ինձ, ո՛չ էլ կուրացրել։
– Քո կարծիքով՝ այսօր ի՞նչ թեմաներ արժե արծարծել, սակայն չի արվում, եւ գրողները ավելի մոդայիկ թեմաների հետեւից են գնում, որպեսզի հետաքրքրեն հրատարակչին…
– Սկսեմ վերջից…Հայաստանում գրին եւ գրականությանը հետեւող հրատարակիչներ չկան։ Ծայրահեղ դեպքում գրական աշխարհի ինչպիսին լինելը նրանց բացարձակապես չի հետաքրքրում։ Ինչպես մոլի կռապաշտներ՝ շոշափելիի մոլուցքով են տարված, որտեղից եւ հարյուրավոր գրքեր կզբաղեցնեն փոշեկոլոլ դարակներ։ Բանն այն է, որ գրական տարածքն արհամարհված է նաեւ շատ գրողների կողմից։ Թույլատրելի սահմանը ով ասես անցնում է՝ հատկապես պոեզիայում։ Արագագիր գրողներին երբեք չեմ հարգել, նրանց ասելիքը չի կարող լինել լուրջ խոսք։ Մոդայիկ թեմաները նման են վարդից հոտ քաշելուն՝ առանց նկատելու եւ քննելու ծաղկի արմատն ու ցողունը։ Երկու բառով վերադառնամ նորից հրատարակիչներին. նրանց բոլորովին չի հետաքրքրում հրատարակված գրքի բովանդակությունն ու արժեքը, նրանց հետաքրքիր է, որ իրենց հրատարակչությունում գիրքը հրատարակված լինի, իսկ գովեստի եւ փառաբանման խոսքեր կգտնվեն… հեղինակի եւ տպագրված գրքի մասին, ծիծաղելի է, բայց՝ փաստ…
– Քո գրքի ուղերձը ո՞րն է, ո՞ւմ ես այն հասցեագրել։
– Սյուժետային առումով՝ երիտասարդ ընթերցողին, իմ հասակակից ընթերցողներին, որ նույնպես եղել են երիտասարդ։ Մեր ջահել տարիների դժվարին կարգն ու վարքն է այնտեղ։ Այդ փոքրիկ ժամանակահատվածը այնքան էլ տեղ չի գտել գրականության մեջ, նկատի ունեմ 90-ականները, մեր համոզմունքներն ու ապրումները, վերելքներն ու անկումները, որ 30 տարիների հեռվից արդիականացել են բավականին։ Անչափ կուզեի, որ այսօրվա հեղափոխական երիտասարդները չունենային այն զրկանքները, ինչը ապրեցինք 90-ականների հեղափոխականներս… Ես Հայաստանից գնացի, երբ զգացի, որ խաբված եմ արդեն։ 24 տարի պահանջվեց, որ 24 օրում աստիճանի տեսք ստացած մարմինս դարձյալ ուղղվեր…
Զրույցը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2018