Այսօր կայացավ 2018 թվականի Երիտասարդական մրցանաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մրցանակաբաշխությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում փոխնախարար Քրիստինե Ասատրյանն ասաց, որ այս անգամ այն անցկացվում է նոր ձեւաչափով եւ նախատեսված է 11 անվանակարգ՝ հայրենիքի երիտասարդ պաշտպան, Երիտասարդ մշակութային գործիչ, երիտասարդ բժիշկ, երիտասարդ մարզիկ, երիտասարդ գիտնական, երիտասարդ գործարար, երիտասարդ բնապահպան, երիտասարդ գյուղատնտես, երիտասարդ աշխատող, երիտասարդ հայրենադարձ եւ տարվա երիտասարդ:
«Անվանակարգերն ընտրվել են առաջարկությունների հիման վրա եւ հաշվի է առնվել երիտասարդների ակտիվությունը տվյալ բնագավառում: Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է նոր ձեւաչափով: Մրցույթի հայտարարումից անմիջապես հետո կազմակերպությունները կամ անհատները տարբեր անվանակարգերում թեկնածուներ առաջադրելու հնարավորություն են ունեցել: Վերջնական ցուցակն ընտրվել է ըստ առաջարկությունների քանակի եւ այն թեկնածուները, որ ամենաշատ առաջադրումն են ունեցել, հայտնվել են մրցանակաբաշխության: Նորությունն այն է,որ այս տարի լավագույնները ընտրվելու են հենց տեղում՝ օնլայն քվեարկությամբ: Իսկ այստեղ գտնվող քվեարկողները մինչեւ ընտրություն կատարելը հենց դահլիճում ծանոթանում են թեկնածուների ծավալած գործունեությանը:
Հետո սկսվեց քվեարկության արարողությունը: Յուրաքանչյուր անվանակարգում քվեարկությամբ որոշվեցին լավագույնները, բացի Հայրենիքի լավագույն պաշտպան անվանակարգից, քանի որ բոլորն էլ միաձայն համաձայն էին, որ եթե թեկնածուներն էլ, որոնք հայրենիքի զինվոր են, արժանի են լավագույնը ճանաչվելուն:
Ըստ անվանակարգերի հաղթողների անունները կհրապարակենք ավելի ուշ, սակայն նշենք, որ լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգում խորհրդանշական գավաթը եւ հավաստագիրը շնորհվեց աշխարհի չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ