Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդավանի դպրոցի 20 տարվա տնօրենին են դատի տվել

Դեկտեմբեր 13,2018 23:03

2018թ. հոկտեմբերի 22-ին Արմինե Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի 2018թ. օգոստոսի 23-ի թիվ 54 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի վարձատրության պահանջներով: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական առաջին նիստը կայացել է նոյեմբերի 27-ին, հաջորդը նշանակված է դեկտեմբերի 21-ին:

Դեբեդավանի դպրոցը շուրջ 20 տարի ղեկավարող Մարինե Հարությունյանն այս տարի ինքն է նույն պահանջներով դատարան դիմել: Նա 2018թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզպետարանի, Տավուշի մարզպետ (այժմ`նախկին) Հովիկ Աբովյանի 2018թ. ապրիլի 17-ի որոշումը (իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջներով:

Մարզպետն այդ ժամանակ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Հարությունյանին աշխատանքից ազատել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, այն է`աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով: 2018թ. հունիսի 12-ին կայացած Դեբեդավանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթում Մ. Հարությունյանը հաղթել է, հունիսի 25-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Մ. Հարությունյանին Դեբեդավանի դպրոցի տնօրեն նշանակելու, նրա հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:

2018թ. հոկտեմբերի 18-ին Իջեւանում դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է դատական հայցը բավարարել ամբողջությամբ, Տավուշի մարզպետարանի 2018թ. ապրիլի 17-ի թիվ 48 որոշումն ճանաչել անվավեր, Տավուշի մարզպետարանից հօգուտ Մ. Հարությունյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձը`հարկադիր պարապուրդի ողջ, սկսած 2017թ. ապրիլի 17-ից մինչեւ 2017թ. հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածի համար, միջին աշխատավարձը հաշվարկելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, քաղաքացիական գործի վարույթը`հայցվոր Մ. Հարությունյանին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով մերժել, Տավուշի մարզպետարանից հօգուտ ՀՀ պետբյուջեի բռնագանձել 4 հազար դրամ`որպես ոչ գույքային պահանջի մասով վճարման ենթակա պետական տուրքի գումար, մարզպետարանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել պետական տուրք` հավաքվելիք եւ բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2 տոկոսի չափով, մարզպետարանից հօգուտ Մ. Հարությունյանի բռնագանձել 100 հազար դրամ`որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31