Կենդանիների հաճախակի անկում, մի շարք աշխատակիցների դժգոհություններ և հատուկ ուսումնասիրություններ: Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել: Զուգահեռաբար ձևավորված հանձնաժողովն էլ ուսումնասիրում է այգու նախորդ 3 տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը:
Կենդանաբանական այգու խնդիրներին և իրականացվող ուսումնասիրությունների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը նախ շրջեց այգու տարածքում, հետաքրքրվեց երկու օր առաջ բեզոարյան այծի անկման մանրամասներով: Կենդանին նախ փախուստի էր դիմել, ապա հայտնաբերվել աշխատակիցների կողմից և տեղափոխվել ազատավանդակ, սակայն որոշ ժամանակ անց կենդանու մոտ սրտի կանգ է արձանագրվել:
«Կենդանու փախչելու համար պետք է կոնկրետ պատճառ լիներ: Ի դեպ, սա երկրորդ փորձն էր: Նշեմ, որ կենդանին 2013 թվականին ծնվել էր հենց այգու տարածքում»,- նշել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Անասնաբույժը նշում է, որ կենդանու փախուստը կարող է կապված լինել հիվանդության, կենդանիների միջև ընդհարման կամ երրորդ անձանց միջամտության ու միտումնավոր վախեցնելու հետ: Դեպքի իրական պատճառները հայտնի կդառնան հանգամանալից ուսումնասիրություններից հետո միայն: Մինչ այդ պատասխանատուներին հանձնարարվեց ուշադրությունն ու հետևողականությունը կրկնապատկել:
«Կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս: Մեր խնդիրն է ոչ թե ստուգել, գտնել ու պատժել, այլ կարողանանք օր առաջ կենդանաբանական այգին վերադարձնել իր բնականոն գործունեության» ,- նկատել է փոխքաղաքապետը:
Այցի ընթացքում Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ նաև այգու մյուս խնդիրներին՝ մասնավորապես ցանկապատերի ու պարիսպների կառուցման անհրաժեշտության ու իրականացված շինարարական աշխատանքների թերություններին:
Փոխքաղաքապետը հանդիպեց նաև Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարող հանձնաժողովի անդամներին: Համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ ներկայացվելու են հանրությանը:
«Կխնդրեմ խոշորացույցի տակ պահել հիմնական այն խնդիրները, որոնք բարձրացվել են հասարակական հատվածի կողմից և կապված են ֆինանսական շարժի հետ: Առավել քան վստահ եմ, որ ուսումնասիրությունները լույս կսփռեն այս պատմության վրա: Դրանք պետք է լինեն այնքան հավաստի, որ հետագայում այգու գործունեության հետ կապված որևէ կասկած չլինի: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական», – հատկանշեց քաղաքապետի տեղակալը՝ փոխադարձ համաձայնություն ստանալով նաև տնօրեն Ռուբեն Խաչատրյանից:
Տիգրան Վիրաբյանը հանդիպեց նաև այգու այն աշխատակիցների հետ, որոնք տնօրենի աշխատանքին առնչվող բողոքներ ունեն և պահանջում են վերջինիս հրաժարականը: Հանդիպմանը բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին աշխատանքային պայմաններին և պահանջներին, նաև չկատարված խոստումներին: Փոխքաղաքապետի առաջարկով հանդիպումը շարունակվեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ներկայությամբ:
Տիգրան Վիրաբյանն առաջարկեց կողմերին ընդմիջել բանավեճը՝ մինչև ուսումնասիրությունների ավարտը:
«Այսօր այցելության նպատակն էր նաև աշխատակիցներին բերել մի սեղանի շուրջ և աչքերի մեջ նայելով բարձրաձայնել խնդիրները: Նույն սեղանի շուրջ նստել և քննարկելը բխում է կենդանաբանական այգու շահերից: Պետք է թուլացնել այս լարվածությունը, քանի որ աշխատանքային նման անառողջ մթնոլորտը ուղղակի ազդում է կենդանաբանական այգու բնականոն գործունեության վրա: Այստեղ չկան հովանավորյալներ, իսկ ցանկացած անօրինականություն պատժվելու է ամենախիստ ձևով»,- նշեց քաղաքապետի տեղակալը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն