Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոալա», «Մի ամբողջ կյանք» գրքերի թարգմանիչը «փակագծեր» բացեց

Դեկտեմբեր 13,2018 23:25

Դեկտեմբերի 12-ին հայ ընթերցասերները և համաշխարհային գրականությամբ հետաքրքրվողները «Գյոթե» կենտրոնում մասնակցեցին Լուկաս Բերֆուսի «Կոալա» և Ռոբերտ Զեեթալերի «Մի ամբողջ կյանք» հայերեն թարգմանությամբ գրքերի շնորհանդեսին: Գրքերը լույս են տեսել «Զանգակ» հրատարակչության կողմից: Թարգմանության հեղինակն էր Գայանե Գինոսյանը:

Կազմակերպիչները նշեցին, որ «Գյոթե» կենտրոնը իրականացրել է գրական թարգմանությունների սեմինար աշխատանքներ, որի նպատակն է եղել կատարել երկկողմ թարգմանություններ ՝ հայերեն-գերմաներեն , գերմաներեն-հայերեն: Սեմինարին մասնակցել է Գայանե Գինոսյանը, որը եղել է գերմաներեն – հայերեն թարգմանությունների գծով ղեկավարը: Նա այցելել է Գերմանիա և Շվեյցարիա: Ծանոթացել է նրանց գրական մշակույթին, այնուհետև սկսել է թարգմանություններ անել:

Միջոցառումն էլ ավելի ինտերակտիվ դարձնելու համար թարգմանչուհին սկսեց պատասխանել իրեն ուղղված հարցերին: Տպավորիչ էր «Մի ամբողջ կյանք» գրքի մասին հարցը՝ ըստ ձեզ ինչով էր պայմանավորված տղամարդու կերպարի՝ հեղինակի կողմից այդչափ մեծարելը:

«Ճիշտն ասած ավստրիական գրականության և հասարակության մեջ հայրիշխանություն է, ինչը շատ նման է հայաստանյան իրականությանը: Ես մի այսպիսի դեպք եմ հիշում: Ավստրիայում 2003 թվականի ընտրություններ էին, որտեղ առաջադրված էր կին թեկնածու, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կինը կարող է ղեկավարել երկիրը»,- ասաց Գայանե Գինոսյանը:

Հաջորդ հարցը «Կոալա» գրքին էր վերաբերվում՝ արդյոք ինքնասպանության մասին հատվածը կապված է հեղինակի հետ:

«Կարծում եմ ոչ, հեղինակը ուղղակի ուզում է ցույց տալ տարբեր ժամանակաշրջաններում ինքնասպանությունների մասին մարդկանց պատկերացումները»,- պատասխանեց Գայանե Գինոսյանը:

Միջոցառման ընթացքում խոսվեց, թե ինչպես են ընտրվել գրքերի կազմերը ՝ որոնց ձեւավորման հեղինակն էր Մարիամ Կանայանը: Նա իր խոսքում նշեց, որ «Կոալա» գրքի կազմին պատկերել է լոգարանը, որտեղ ինքնասպանություն էր եղել, իսկ լոգարանի վրա կոալայի ոտնահետքերը: Այդ ամենը ծածկված է վարագույրով, որպեսզի ընթերցողը կարդալուց հետո բացահայտի այնտեղ թաքնվածը:

«Մի ամբողջ կյանք» գրքի կազմին պատկերել եմ հերոսի կյանքի կարևոր դրվագները՝ իր տունը, լեռները, սիրելի կնոջը և այն ճոպանուղու շինարարությունը, որին նա մասնակցել էր»,- ասաց Մարիամ Կանայանը:

Հավելենք նաեւ, որ նշյալ գրքերը թարգմանվել են երեք տասնյակից ավել լեզուներով:

Արևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31