ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է երկու շաբաթ ընդմիջումով Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ մտահոգություն հայտնելով, որ Վրաստանը զիջում է դիրքերը տարածաշրջանում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը վայելել է ժողովրդի լայն վստահությունը, և պահպանվել են մարդու հիմնարար իրավունքները, մինչդեռ Վրաստանի մասով գնահատականում ասվում է, որ Պետքարտուղարությունը կիսում է մտավախությունները կապված կուսակցական քարոզարշավի համար պետական ռեսուրսների օգտագործման հետ:
Վրաստանի ընդդիմությունը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանն ամրապնդեց դիրքերը տարածաշրջանում ժողովրդավարության չափանիշներով, իսկ Վրաստանը, որը համարվում էր ժողովրդավարության փարոս, կորցրեց դրանք:
Գնահատելով երկու երկրներում ընտրությունները՝ Պետդեպում հայտարարել են, որ երկու դեպքերում էլ ընտրությունները եղել են մրցակցային, և թեկնածուներն ազատ քարոզարշավ են իրականացրել: Սակայն ամերիկացի և միջազգային դիտորդների մոտ մտահոգությունների տեղիք է տալիս Վրաստանում պետական ռեսուրսների կիրառումը և երկրի կողմից ստանձնած հանձնառությունները՝ անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ, ինչը, ըստ եզրակացության, չի ապահովվել:
Ըստ վերլուծաբանների՝ չնայած այժմ Հայաստանում և Վրաստանում նկատվում է իրարից կտրականապես տարբերվող քաղաքական գործընթաց, ընտրությունների գնահատականների համեմատությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարության առումով Վրաստանը կորցնում է դիրքերը տարածաշրջանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ