Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը ոչ թե վերանայման, այլ հայեցակարգային ձեւակերպման կարիք ունի». Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 13,2018 21:52
aram sargsyan

«Արցախի հիմնահարցը այն համահայկական խնդիրն է, որը բոլորիցս պահանջում է շատ զգույշ եւ միասնական դիրքորոշում, որպեսզի մեր ոխերիմ «բարեկամներին» ոչ մի ձեւով չուրախացնենք: Սա այն հարցը չէ, որ այս ձեւով պետք է ասվի, ներկայացվի, կամ, ընդհանրապես շահարկվի»,- Aravot. am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն` անդրադառնալով դիտարկմանը`արտահերթ ընտրությունների քարոզարշավում կրկին առաջ մղվեց «հողերը հանձնելու», «Արցախը ծախելու» մասին թեզը. դա նախընտրական լոզո՞ւնգ էր, թե՞ մտահոգվելու առիթ ունենք:

Հայաստանի նոր իշխանություններն ըստ մեր զրուցակցի, Արցախի հարցում առաքելություն ունեն եւ դա հետեւյալն է. «Փորձագիտական լուրջ քննարկումների արդյունքում ի մի բերել դիրքորոշումները եւ Արցախի հետ միասին, միասնական հայեցակարգային դիրքորոշում ձեւավորել, մադրիդյան սկզբունքներն էլ աղբանոց նետել: Որպես նոր իշխանություն` հայտարարեն` նախորդների սխալները չենք ցանկանում կրկնել, ներկայացնում ենք մեր մոտեցումը` կարգավորման վերաբերյալ: Սա կլինի իրական եւ հասկանալի մոտեցում եւ կբերի պետական հայեցակարգի ձեւավորմանը: Չի կարելի, որ վարչապետը հայտարարություն անի, դա պետական մոտեցում չի: Պետության մոտեցումը պետք է լինի քննարկված, կառավարությունում եւ խորհրդարանում հաստատված-վավերացված»: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Արցախի հարցի շուրջ`միմյանց հողեր հանձնելու մեջ մեղադրանքներով, Արամ Սարգսյանը համարում է մանկապարտեզի մոտեցում, ինչն աններելի է:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ, խորհրդարանում հայտարարել էր, որ ՀՀԿ-ն եւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել են հողեր հանձնելու շուրջ: «Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ որ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Ոչ մի բան: Կա միայն հետեւյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները:

Եվ ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա: Ես չեմ ասում, որ դուք ընդունել եւ ստորագրել եք այդ տարբերակը: Ասել եմ, որ վերջին թուղթը, որը դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է»,- խորհրդարանում, ի պատասխան ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հարցի, ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ողջ քարոզարշավի ժամանակ, տարբեր ՀՀԿ-ական գործիչներ, մասնավորաբար, ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը քանիցս հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության առաքելությունը հողերը հանձնելն է:

Արամ Սարգսյանի համոզմամբ, Արցախի հարցը ոչ թե վերանայման, այլ հայեցակարգային ձեւակերպման կարիք ունի, որը կլինի պետական դիրքորոշում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31