Ընտրական թոհուբոհում Հայաստանում երկրորդ պլան մղվեց գյումրեցի 57-ամյա կնոջ`Ջուլիետտա Ղազարյանի սպանությունը: Դեկտեմբերի 2-ին «Առավոտը» հայտնեց, որ վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել փողոցը մաքրող կինը, որը մահացել է հիվանդանոցում: Լրատվամիջոցներում կասկած հայտնվեց ծեծողի անձի վերաբերյալ: Նա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:
Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո, դեկտեմբերի 10-ին հաստատեց տեղի ունեցածը եւ հայտարարեց ձերբակալության մասին: Իսկ մինչ այդ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը`դեկտեմբերի 3-ին կոչ է արել լարվածություն չառաջացնել չճշտված տեղեկություններով: Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը, միաժամանակ չէր հերքել զինծառայողի մասնակցության փաստը: «Սպուտնիկ Արմենիա» գործակալության տրամադրած տեղեկության համաձայն, ռուս զինծառայողը գտնվում է ռուսական բազայի տարածքում, եւ քննչական գործողությունները կատարվում են բազայի տարածքում:
Սա Հայաստանում ռուսական 102-րդ բազայի հետ կապված հերթական ողբերգական դեպքն է: Ամենադաժանը`2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությունն էր, 102-րդ ռազմաբազայի տխրահռչակ զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից: Այդ դեպքը հասարակական մեծ ընդվզում առաջացրեց, անգամ քաղաքական երանգ եւ աստառ ստացավ: Տարբեր քննարկումներ, վեճեր ու բանավեճեր եղան, բայց ռուսական կողմն այդպես էլ Պերմյակովին չարտահանձնեց Հայաստանին, չնայած, «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածով ամրագրված է. «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:
Ռուսական կողմը, հղում անելով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, պնդեց, որ ՌԴ քաղաքացին, որը գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ, չի կարող հանձնվել այլ պետության: Որեւէ դեր չխաղաց անգամ, այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի`գյումրեցիներին տրված խոստումը`դիմել ՌԴ-ի իր գործընկերոջը` ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային` հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:
Այժմ, առայժմ նույն սցենարն է գործում, ինչ արդյունքում, Հայաստանի տարածքում գերակայում է ռուսական օրենսդրությունը եւ հայ իրավապահների ձեռքերը կրկին չեն հասնում հայ կնոջը սպանած ռուս զինծառայողին: Հայկական կողմը դեռ հայտարարություններ չի արել: Մինչդեռ ռուսական ռազմաբազան գյումրեցիների գլխին պատուհաս է դարձել:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համամիտ է մեր դիտարկումների հետ, բացառությամբ մեկից, որ ռազմաբազան պատուհաս է դարձել: Aravot.am-ի հետ զրույցում, Արամ Սարգսյանն ասաց`միանգամայն համաձայն է ռազմաբազայի`պատուհաս դարձած զինծառայողների գործերով հայ իրավապահները պետք է զբաղվեն:
«Դա իրավական խնդիր է: Եթե պայմանագրում կան ինչ-որ բաներ գրված, որոնք մեզ չեն բավարարում, ապա այդ կետերի վերանայման հարց պետք է դրվի: Իսկ եթե ամեն ինչ ըստ պայմանագրի օրինական է, եւ մեզ իրավունք է տրված, որ մեր տարածքում կատարված հանցագործությունները պետք է մեր իրավապահների կողմից եւ մեր օրենքներով քննվեն, ապա պետք է դա կիրառել: Չեմ կարծում, թե սրանից համաշխարհային աղմուկ պետք է բարձրացնել, հանցագործություններ ամեն տեղ էլ լինում են, շատ վատ է, որ դա արել է օտարերկրյա քաղաքացին, բայց խնդիրը ռազմաբազայի վրա չպետք է տարածել, այլ իրավական դրույթների կիրառման կամ դրանց վերանայման»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ