Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ, չկա որեւէ միտում եւ շուտով այդ սխալը կշտկվի». Գորգիսյանը՝ Պուտինի՝ Փաշինյանին չշնորհավորելու սխալի մասին

Դեկտեմբեր 13,2018 19:45

Նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն ձեւավորեց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին՝ անմիջապես ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին: ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց նաեւ ապրիլի 17-ին, երբ ՀՀ ԱԺ հատուկ նիստում Սարգսյանն ընտրվեց վարչապետ:

Իսկ հիմա խորհրդարանական արտահերթ ընտրություններից 4 օր է անցել, բայց Պուտինը չի շտապում շնորհավորել «Իմ քայլը» դաշինքին՝ հաղթանակի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում Պուտինը, մասնավորապես, նշել էր՝ «Հարգելի Սերժ Ազատի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է: Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»:

Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ դուք դրա մեջ ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք, որ Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Հուսով եմ, չկա որեւէ միտում եւ շուտով այդ սխալը կշտկվի: Ռուսաստանը մեզ համար դեռեւս շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր եւ հարաբերությունները պետք է այդ մակարդակում ձեւավորվեն»:

Մեր դիտարկմանը, որ ՌԴ-ում ասում են, որ պարտադիր չի Պուտինի շնորհավորանքը՝ Գորգիսյանն արձագանքեց. «Դա միշտ գործընկերական ժեստ է եղել: Եթե մենք բարի-դրացիական հարաբերություններ ունենք, ապա տեղին կլիներ, որ շնորհավորեր»:

Գորգիսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդեն որոշե՞լ են հանձնաժողովների՝ իրենց խմբակցությանը հասանելիք տեղերի հարցը, նա պատասխանեց, որ ոչ. «Դեռ ԿԸՀ-ն դեռ վերջնականապես չի հրապարակել, թե ովքեր են ի վերջո պատգամավոր: ԿԸՀ-ն դեռ սպասում է բողոքարկումների ժամկետն ավարտվի, նոր կհրապարակի»: Նա ասաց, որ Դոնթի բանաձեւով դեռ հաշվարկված չի, թե քանի հանձնաժողովներում իրենք տեղ կունենան. «Դեռ խորհրդարանը պետք է որոշի, թե քանի հանձնաժողով պետք է  գործի, որ հանձնաժողովներն են լինելու, ըստ քանակի կորոշվի նաեւ, թե որ ֆրակցիային քանի հանձնաժողովի նախագահ բաժին կընկնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Հակաները սուտ հարց են օրակարգ բերել: Արդյո՞ք ԱՄՆ-ի կոնգրեսի կամ Ռուսաստանի դումայի ընտրությունների արդյունքները որևէ մեկը աշխարհում շնորհավորել է: Իսկ կողմնակիցները այդ կուտը կերել են, անընդհատ փորձում են բացատրել, թե ինչու Պուտինը չի շնորհավորել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31