Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն արձանագրել է՝ այն հիմնական հարցերը, որոնք երկար տարիներ բարձրաձայնվում են, շարունակում են մնալ խնդրահարույց:
Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն այսօր Մեդիա կենտրոնում «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց, որ չնայած շարունակվող խնդիրներին, որոշակի հարցերի ուղղությամբ դրական փոփոխություններ են արձանագրել՝ մասնավորապես գերբնակեցման հարցի, սննդի հետ կապված խնդիրների դեպքում եւ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման առումով են փոփոխություններ նկատվում:
Իսկ հիմնական խնդիրներից Հասմիկ Հարությունյանն առանձնացրեց պահման պայմանները, բուժսպասարկման ոլորտը, հիերարխիկ հարաբերությունները եւ կոռուպցիոն ռիսկերը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը նշեց ու ասաց, որ աննախադեպ թիվ է՝ 2305 անձ. «Կապված է ոչ միայն համաներման հետ, նաև պայմանական վաղաժամկետ ազատման, ռեժիմների փոփոխման, ընդհանրական բարեփոխումների արդյունք է»:
Սուրեն Քրմոյանի խոսքով, նախորդ տարվա 43 միլիոն դրամի փոխարեն այս տարի ՔԿՀ-ներին տրվել է 150 միլիոն դրամ դեղորայքի ձեռքբերման համար.
«Դեղորայքի հետ կապված գրեթե բողոքներ չունենք… խնդիրները կառավարության ուշադրության տակ են, ՔԿՀ-ներում գտնվող անձը պետք է ստանա նույն ծավալով և որակով բուժօգնություն, ինչ քաղաքացիական հիմնարկներում »:
Նա նաեւ վստահեցրեց, որ լիցենզիոն պահանջներն ամրագրելուց հետո 500-ից ավելի մահճակալ ունեցող բուժհաստատությունները Երևանում, 100-ից ավելի մահճակալներ ունեցողները մարզերում ունենալու են հատուկ բաժանմունքներ՝ ճաղավանդակներով, որտեղ ՔԿՀ-ներում պահվող անձինք կարող են բուժում ստանալ. «Որևէ խոչընդոտ չկա ու չի լինելու անձանց բուժելու հենց մասնագիտացված բուժհաստատություններում։ Կարծում եմ՝ հաջորդ տարի կարձանագրենք, որ մենք բանտային բժշկության ոլորտում խնդիրները լուծել ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի