Դոնթի բանաձեւի համաձայն, ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում ունենալու է ԱԺ փոխնախագահի եւ երկու հանձնաժողովների նախագահի քվոտա:
Մամուլում ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահի պաշտոնում տարբեր անուններ են շրջանառվում՝ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ այլ: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը վստահեցրեց, որ որեւէ քննարկում ԲՀԿ-ում այդ խնդիրների վերաբերյալ չի եղել. «Այն, ինչ շրջանառվում է մամուլում, ես վստահաբար կարող եմ ասել, որ դա տարբեր տեղերից խիստ շահագրգիռ անձանց ու խիստ շահագրգիռ ուժերի կողմից ուղղորդված անուններ են:
Չի եղել նման քննարկում ո՛չ իմ անձի հետ կապված, ո՛չ որեւէ մեկի հետ կապված: Իմ մասով կարող եմ ասել՝ որտեղ կորոշի Գագիկ Ծառուկյանը, որ իմ ռեսուրսը, իմ ներուժը, ունակությունները պետք են՝ այնտեղ էլ կլինեմ: Ինչ շրջանառվում է մամուլում, ինձ հայտնի մարդկանց կողմից ուղղորդված լրատվական հոսքեր են»:
Մենք ճշտեցինք՝ անգամ ձեր մե՞ջ էլ չեք քննարկել, դիտարկում չի եղել, որ Մելքումյանը, օրինակ, ԱԺ փոխնախագահի պաշտոնում նոր ջահելների հետ չի նայվի՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Որեւէ հարց չի դիտարկվել: Իմ շատ հասկանալի անձինք ուղղակի հստակ ուղղորդված մամուլի կոնկրետ միջոցների տալիս են լրատվական ապատեղեկատվություն՝ դրանով փորձելով իրենց համար խնդիրներ լուծել: Չի եղել որեւէ քննարկում ոչ միայն անձի հետ կապված, այլ նաեւ դեռեւս սկզբունքների հետ կապված: Դա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»:
Մեր հարցին՝ դուք գիտե՞ք կոնկրետ ո՞ր հանձնաժողովներն են ԲՀԿ-ին տալու՝ նա պատասխանեց, որ դա էլ չի քննարկվել. «Ավելի քան համոզված եմ, որ առաջին նիստը կլինի հունվարի 14-ից ոչ շուտ, բավարար ժամանակ կա բոլոր այդ քննարկումներն անելու համար: Հորդորում եմ այն ուժերին, ովքեր առաջիկա օրերին վստահաբար շարունակելու են տարբեր անուններ դնել շրջանառության մեջ, լրատվական տարբեր հոսքեր դնել շրջանառության մեջ՝ հանգստացե՛ք եւ զբաղվեք ձեր գործով: Ինչպես կորոշի Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ կլինի: Կոնկրետ ինձ համար ցանկացած որոշում կլինի միանգամայն ու միանշանակ ընդունելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ