Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոլիկլինիկա է, 50 տարի աշխատում է, վերցրեցին ծախեցին, իրանցով արեցին, հիմա էլ ժողովրդին ուզում են տեղափոխեն»

Դեկտեմբեր 13,2018 19:05

«Առավոտ» օրաթերթին էին դիմել Վանաձորի մի խումբ բնակիչներ: Նրանք դժգոհում են, որ երկար տարիներ է բուժօգնություն են ստանում քաղաքի կենտրոնում գործող թիվ 1 պոլիկլինիկայում: Այնինչ, նրանց հասած լուրերի համաձայն, նշված պոլիկլինիկան առաջիկայում պատրաստվում են տեղափոխել Վանաձորի «Նարեկ» հիվանդանոցի նախկին մասնաշենք:

Բնակիչների դժգոհության պատճառն այն է, որ նշված շենքը գտնվում է փոքր-ինչ ավելի հեռու, այնտեղ հասնելու համար առկա է նաեւ տրանսպորտի խնդիր. «Տարիներ շարունակ սովոր ենք, որ այստեղ ենք գալիս, շատ հարմար է մեզ այստեղ գալը: Թող այս շենքը վերանորոգեն, մենք էլ նորից այստեղ գանք: Պոլիկլինիկա գալիս են միայն հիվանդները, որոնց համար այնտեղ հասնելը շատ դժվար է,- ասում է բնակչուհի Կարինե Մխիթարյանը:

Այսօր պոլիկլինիկայում իր հերթին սպասող պապիկներից մեկը նույնպես լսել էր տեղափոխման մասին լուրը, որն առաջացրել էր վերջինիս վրդովմունքը. «Բոլորս էլ դեմ ենք, ինչի՞ գնանք «Նարեկ» հիվանդանոց: Պոլիկլինիկա է, 50 տարի աշխատում է, վերցրեցին ծախեցին, իրանցով արեցին, հիմա էլ ժողովրդին ուզում են տեղափոխեն: Ձեռնափայտով ես ո՞նց հասնեմ այնտեղ: Հիմա տունս մոտիկ է, ոտքով գալիս գնում եմ, այնտեղ ո՞նց գնամ»:

Վերջերս թիվ 1 պոլիկլինիկային էր միացվել թիվ 4 պոլիկլինիկան: Սկզբնական շրջանում այս հանգամանքը առաջացրել էր 4-րդ պոլիկլինիկայից օգտվող բնակիչների դժգոհությունը: Իսկ հաջորդ տեղափոխումն արդեն նոր դժգոհությունների ալիք է բարձրացրել. «Այն ժամանակ մեր թաղամասին մոտ էր, մի կանգառ էր հեռու, ոտքով կարողանում էի գնամ, հիմա տեղափոխեցին քաղաքի կենտրոն: Ստիպված տրանսպորտով եմ գնում-գալիս: Բա որ տանեն «Նարեկ», այն ժամանակ 2 տրանսպորտ եմ փոխելու: Մի հատ իջնելու եմ քաղաք, այստեղից էլ տեսնեմ ինչ երթուղային է գնում, որ գնամ: Եթե, իհարկե, լինի: Այդ գծի վրա երթուղային համարյա չի աշխատում: Կամ էլ ստիպված տաքսիով ես գնալու: Հիվանդ մարդ ես, անընդհատ գնում ես՝ դեղ ստանում, ստուգվում: Ես կարա՞մ շաբաթը քանի անգամ 1.200 դրամ տամ, գնամ-գամ»,- ասում է տիկին Անուշը:

Թիվ 1 պոլիկլինիկան, որը քաղաքի առաջին նման կառույցն է, հիմնադրվել է 1959 թվականին: Այժմ այստեղ սպասարկում են 42.300 բնակչի:

Տնօրեն Սիլվա Նազարյանն ասում է, որ տեղափոխման համար բնակիչներն իրեն էլ են դժգոհել: Ինքը, սակայն վերադաս կառույցից տեղափոխման որեւէ հրահանգ չի ստացել. «Բնակիչներն ինձ էլ են դիմել այդ հարցով, բայց, քանի որ ես վերադասից հրահանգ չունեմ, ես չեմ կարողացել ճիշտ պատասխանել: Ես տեղեկացված չեմ այդ մասին: Ես էլ ուղղակի համացանցից կարդացել եմ, բայց իմ վերադասն ինձ չի կանչել, նման հանձնարարական չի տվել»:

Հիշեցնենք, որ պոլիկլինիկայի հնարավոր տեղափոխման մասին նոյեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը. «Չի բացառվում, որ պոլիկլինիկան տեղափոխվի «Նարեկի» մասնաշենք: Տեղափոխվի նաեւ արյունաբանական կայանը: Քանի որ 1-ին պոլիկլինիկայի շենքը գտնվում է շատ վատ վիճակում, կա՛մ պետք է այն հիմնանորոգվի ու ամրացվի, կա՛մ քանի որ ունենք «Նարեկի» ազատ մասնաշենքը, որը լավ վիճակում է գտնվում, տեղափոխվի այնտեղ: Ընդամենը մի փոքր կոսմետիկ վերանորոգումից հետո շենքը կարող է ընդունել 1-ին պոլիկլինիկային: Մակերեսով այն ավելի մեծ է, եւ այլն, եւ այլն»:

Բնակիչները դժգոհում են, տնօրինությունը լուռ լսում: Իսկ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում պոլիկլինիկային ու նրա այցելուներին, ոչ ոք դեռեւս չգիտի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31