Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին։
Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Արմեն Գեւորգյանը հայտարարությամբ է հանդես եկել դատական նիստին. «Եթե Արմեն Գեւորգյանը ազատության մեջ մնա, քննիչի միջնորդությունը չբավարարվի, նա հանդես կգա հայտարարությամբ եւ պարզաբանումներ կտա»: Պաշտպանն ասաց, որ հիմնավոր կասկածը, թե Արմեն Գեւորգյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքների հետ, բացակայում է: Պաշտպանը նշեց, որ նիստում վիճարկել են կալանավորման հիմքերը, դատարանում ներկայացրել են, որ նա մնալով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ եւ օրինավոր վարքագիծ: Հարցին՝ դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք զգո՞ւմ եք՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանն իր առաքելությունը կատարել է բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ, ուստի որեւէ կասկած չկա»:
Լրագրողները հարցրեցին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Առաջին ալիքի եթերում ասել է, որ հաստատվել է Վիքիլիքսի այն հրապարակումը, թե Արմեն Գեւորգյանը այլ պաշտոնատար անձի միջոցով 2008 թվականին ճնշում է գործադրել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա, դուք սրա հետ կապված ի՞նչ հակափաստարկ ունեք՝ նա պատասխանեց. «Ես այդ հայտարարությունը չեմ լսել, բայց այդպիսի յուրաքանչյուր հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, օրենքի խախտում, այլեւ հասարակության մեջ որոշակի ատելություն է մտցնում, որը կարող է իր ազդեցությունը թողնել պետական համակարգի վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ