Դեկտեմբերի 24-ը Ալավերդու պղնձաձուլարանի հարյուրավոր աշխատակիցների վերջին աշխատանքային օրն է: Համենայնդեպս, այդպես է նախատեսված նրանց՝ այս տարվա հոկտեմբեր ամսին գործարանի տնօրինության կողմից ուղարկված ծանուցագրերով: Մինչ այժմ աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են, վարձատրվում են 2/3-ով:
Aravot.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները մտահոգություն հայտնեցին, որ դեռեւս ոչ մի տեղաշարժ չկա հարցի լուծման ուղղությամբ. «Կառավարությունն իր մասով տվել է համաձայնություն, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից՝ արտանետումների ծավալը գերազանցելու համար նշանակված 380 միլիոն տուգանքի վճարման ժամկետը հետաձգելու, ներդրողն ասում է՝ կողմ եմ, որ գործարանն աշխատի, բանկն էլ է կողմ, բայց, չգիտես ինչու, չենք աշխատում: Փաստորեն գործարանը վերագործարկելու մասին ուղղակի խոսակցություններ էին: Երեւում է, այս հարցը հեշտ լուծվողներից չէ»:
Հիշեցնենք, որ դեռեւս ընտրություններից առաջ կառավարության պատասխանատուները թե՜ Ալավերդիում թե՜ Երեւանում՝ կառավարությունում հանդիպումներ էին ունենում պղնձաձուլարանի սեփականատիրոջ, աշխատակիցների հետ՝ խոստանալով ամեն ինչ անել, որպեսզի գործարանը չփակվի: Կառավարությունում պղնձաձուլարանի փակվել–չփակվելու հարցը մի քանի անգամ քննարկվել է, սակայն, աշխատել–չաշխատելու մասին աշխատակիցներին առ այսօր որեւէ տեղեկություն չեն տվել:
Aravot.am-ի հարցին, թե դեկտեմբերի 24-ին պղնձաձուլարանի աշխատակիցների վերջին աշխատանքային օրն է, կա՞ որեւէ նորություն գործարանի վերագործարկման հետ կապված, «Վալլեքս Գրուպի» լրատվության հարցերով պատասխանատու Թագուհի Կարապետյանն ասաց, որ այսօր օրվա վերջում կամ վաղն առավոտյան իրենք կհրապարակեն հաղորդագրություն:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին հարցրինք՝ դեռեւս ընտրություններից առաջ քննարկումներ էին ընթանում, ի՞նչ է որոշվել, նորություններ կա՞ն գործարանի աշխատել–չաշխատելու մասին: Aravot.am-ի հարցին ի պատասխան, պարոն Հունանյանն ասաց՝ քննարկումները շարունակվում են:
Ի դեպ, աշխատակիցներից ոմանք արդեն հեռացել են Հայաստանից՝ արտագնա աշխատանքի: Aravot.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները մտահոգություն հայտնեցին, որ հեռանում են մետալուրգ–մասնագետները, եւ եթե որոշեն վերագործարկել պղնձաձուլարանը, այդպիսի մասնագետների կարիք կլինի: Նրանցից մեկը մեկնել է արտագնա աշխատանքի Ուկրաինա, նաեւ Ռուսաստանի դաշնություն են մեկնել, Երեւան մեկնողներ էլ են եղել: Գործարանի աշխատակիցներին մտահոգող գլխավոր հարցերից են վարկերը, որոնք վերցրել են, սակայն այսօր անգործ մնալու պատճառով չեն կարողանում մարել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ