Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում:
«Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երևանը, աշխատում է, ծառայում է մեր քաղաքին ու երևանցիներին, կամ՝ ոչ»,- նշել է քաղաքապետը:
Հայկ Մարությանն ընդգծել է, որ աշխատակազմից ակնկալում է թափանցիկ աշխատանք՝ օրինականության սահմաններում, միևնույն ժամանակ վստահեցրել է, որ օրինազանցության ցանկացած դեպք իրավական հետևանք է ունենալու: Քաղաքապետ Մարությանը նաև խոսել է Ավանում առկա մի շարք խնդիրների մասին: Մասնավորապես, օրերս պարզվել է, որ Ավանի մշակույթի տան սաների ծնողներից գանձվում է ավելի մեծ վարձավճար, քան մուտքագրվում է բյուջե: «Այսուհետ, եթե լինեն ոչ թե թերացումներ, այլ օրենքի խախտումներ, ես կանգ չեմ առնելու ոչ մի բանի առաջ: Մեր պետությունն անցել է նոր փուլ, սա արդեն նոր Հայաստանն է, և մենք պետք է ընդունենք նոր Հայաստանի օրենքները: Եվ եթե կան մարդիկ, ովքեր խախտում են այդ օրենքը, անկախ նրանից՝ ով են, ում բարեկամն են, պետք է պատժվեն», – նշել է քաղաքապետը:
Քաղաքապետը նաև հորդորել է վարչական շրջանի աշխատակազմին՝ իրենց պարտականությունների բերումով ամեն կերպ աջակցել քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատանքներին:
Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը կառավարման ոլորտում ունեցած իր փորձն ու մասնագիտական որակները լավագույնս կծառայեցնի Ավանի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն