«Ո՞վ է նման բան ասել…նման թեմաները վերջերս բավականին շահարկվում են: Եթե պաշտոնների ազատման եւ նշանակման հրամանագրեր են լինում, մենք անպայման հրապարակում ենք դրանք, երբեւէ չենք թաքցրել: Խորհուրդ կտամ միայն պաշտոնական լրահոսին հետեւել: Եթե լինեն ազատումներ, հնարավոր չէ, որ մենք չտեղեկացնենք: Եթե չկա նման տեղեկություն, ուրեմն՝ մի շահարկեք»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե պաշտոնից ազատվելու են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և Արցախի նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը, ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է նույն մամուլում առկա գնահատականներին, թե Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանն արժանացել են Փաշինյանի զայրույթին, որովհետեւ քննադատել են Սասուն Միքայելյանի՝ «հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր Արցախյան ազատամարտի հաղթանակից» հայտարարությունը, Դավիթ Բաբայանը կրկին հորդորեց ցանկացած շահարկումներից զերծ մնալ. «ՀՀ-ն չի խառնվում Արցախի ներքին կյանքին եւ նույն կերպ՝ Արցախը չի խառնվում ՀՀ ներքին կյանքին: ՀՀ վարչապետը եւ Բակո Սահակյանը մի քանի անգամ հայտարարել են այդ մասին»:
Դավիթ Բաբայանը մեկնաբանեց նաեւ մամուլում առկա այն տեղեկությունները, թե ՀՀ իշխանությունները որպես Բակո Սահակյանին փոխարինող տեսնում են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: «Արցախի նախագահին ընտրում է ժողովուրդը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կասկածի տակ է դնում այդ փաստը՝ հատկապես ՀՀ-ում, որի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ սատարում են Արցախի իշխանությանը եւ Արցախի պետականությանը: Շահարկումները գուցե բնական են, բայց խնդիրը դա չէ: Ճշմարտությունն այն է, որ ժողովուրդն է որոշում, թե ով կլինի նախագահ: Ապագայում Արցախում սպասվում են նախագահի ընտրություններ, եւ ժողովուրդն իր քվեն կտա նրան, ում արժանի է գտնում»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ