ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացավ Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, որի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը:
«Հորիզոն 2020»-ի E-FIX դրամաշնորհի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կոնսորցիումի մյուս անդամների հետ մշակելու է էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորման նոր մեխանիզմներ և այն օգտագործվելու է ներդրումային նախագծերում:
«Այսօր քննարկել ենք, թե ինչպիսին պետք է լինեն էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նոր մեխանիզմները, ինչպիսի ուղիներ է պետք ընտրել՝ էներգաարդյունավետ սարքավորումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ և փորձել լուծումներ գտնել։ Մեր գործողությունները և Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի կողմից ընձեռված հնարավորությունների համադրությունը թույլ կտա ավելի բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը և կնպաստի Հայաստանում էներգաարդյունավետ ծրագրերի տեսակարար կշռի ավելացմանը: Մեր բոլոր գործողությունները ուղղված են վերականգնվող էներգետիկայի և առհասարակ «կանաչ» տնտեսությունների ստեղծմանը և այդ տնտեսություններում մասնավոր ներդրումների մեծացմանը»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։
«Հորիզոն 2020»-ի E-FIX նախագիծը մեկնարկել է 2018թ-ին, ծրագրում Հայաստանը ներկայացնող ֆինանսական կառույցը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆրանսիական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն է, որը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: