«Սա ցուցադրական ակտ է, որը կապված է իրենց համար կարեւոր բանի հետ: Տպավորություն է, որ դա կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ՌԴ, ինչպես եւ՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարները դեռ չեն շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակի առթիվ, ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Թե ինչու է նա այդպես գտնում, նշեց. «Նախկին ղեկավարի կալանավորումն, ըստ երեւույթին, ազդակ է իրենց համար, որ իրենց հետ էլ ապագայում հնարավոր է նման բան կատարվի»:
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ՀԱՊԿ երկրները չեն ցանկանա, որպեսզի նման նախադեպ լինի. «Հիշենք, թե ինչպես ժամանակին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն ապաստան ստացավ Ռուսաստանում…Նրանք չեն ցանկանում, որ նման նախադեպ առհասարակ լինի: Ըստ երեւույթին, Քոչարյանն ԱՊՀ տարածքում միակ նախկին ղեկավարն է, որը կալանավորվել է, իսկ այդ նախադեպը կարեւոր նշանակություն ունի ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ Փաշինյանին պետք է շնորհավորի ոչ թե Պուտինը, այլ ՌԴ վարչապետը, Ստեփան Դանիելյանը նկատեց. «ՀՀ վարչապետը պետության ղեկավարն է, իսկ ՌԴ ղեկավարը նախագահն է: Փաշինյանին կարող է շնորհավորել նաեւ վարչապետը, բայց առաջնահերթ դա պետք է անեն ՌԴ նախագահը եւ պետդումայի նախագահը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ