Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բելառուսի անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի հետ Աստանայում տեղի ունեցած հանդիպմանը նրան աջակցություն է հայտնել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին ասվում է Ղազախստանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշում են կայացրել սատարել Ձեր թեկնածությունը, որն առաջարկվել էր Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի կողմից: Դուք արդեն հանդիպել եք կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղըրղզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ Ձեր հանդիպումները լավ են անցել»,- ըստ հաղորդագրության՝ ասել է Նազարբաևը:
Նազարբաևը կարծում է, որ Զասն ունի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները այդ պաշտոնում աշխատելու համար: «Դուք զինվորական եք և ունեք համապատասխան կրթություն: Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք կսատարենք Ձեզ»,- ասել է նա:
Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է ՀԱՊԿ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու կարևորությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ