Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասերն այսօրվանից սկսվել են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նա վստահեցրեց՝ մի քանի հարյուր աշակերտ արդեն հաճախում է դպրոց, ուսուցիչների մեծ մասը ներկա են եղել նոր տնօրենի ներկայացմանը, եղել են ուսուցիչներ, ովքեր դիմում են գրել, այսօր հետ են վերցրել այդ դիմումները, եղել են նաեւ աշակերտներ, որոնք նույնպես դիմումները հետ են վերցրել:
Հարությունյանի վստահեցմամբ՝ նախարարությունն ու մարզպետարանն արդեն փաստել էին, նոր տնօրենի ընտրության գործընթացում իրավական խնդիրներ չեն եղել.« Հուզական ֆոնին, ըստ նրա, հնարավոր են նման իրավիճակներ, հատկապես հաշվի առնելով այն, որ մեր քաղաքացիներն ավելի պահանջատեր են դարձել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարությունյանը նաեւ ասաց, որ նախագիծ է շրջանառվում, ըստ որի նախատեսվում է փոփոխություններ դպրոցների կառավարման խորհրդում. «Նախկին իշխանություններին քննադատում էին, որ կառավարման խորհրդում իշխանությունն ուներ կիսով չափ ձայներ: 50 տոկոսը նշանակում էր պետությունը եւ ազդեցություն էր ունենում ընտրությունների ելքի վրա:Հիմա մենք մեծացնում ենք ծնողական եւ մանկավարժական խորհուրդների դերն այս հարցում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մեր հարցին՝ եթե նորից կրկնվեն դպրոցում ցույցերն, ի՞նչ տարբերակով է խնդիրը լուծվելու, հնարավո՞ր է տնօրենի նոր մրցույթ հայտարարվի, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Սիրո եւ համերաշխության մթնոլորտում բոլոր հարցերը կլուծվեն»:
Հարությունյանի խոսքերով՝ երեկվա քննարկումներն ինչո՞վ էին կարեւոր՝ հանրապետությունում մի քանի նման օջախներ կան. «Եվ սրանք հստակ մեսիջներ էին պետության եւ ինստիտուտների կողմից՝ որոշումները կայացվելու են ոչ թե հուզական, այլ՝ իրավական դաշտում: Հուզականն էլ հաշվի կառնենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ