Դեկտեմբերի 13-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը:
Համաժողովին մասնակցեցին համայնքների աշխատակազմերի քարտուղարներ և հարյուրավոր համայնքային ծառայողներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարեց՝ համայնքային ծառայողները, աշխատակազմերը բուն տեղական ինքնակառավարման կրողներն են այնպես, ինչպես քաղաքական մարմինները. «Տեղական ինքնակառավարումն ըստ էության արժեզրկվել է հասարակության աչքում: Սա նշանակում է, որ մենք կրկնակի ավելի ջանքեր պիտի գործադրենք, որ փորձենք տեղական ինքնակառավարման հեղինակությունը վերականգնել, և դա պիտի արվի նաև համայնքային ծառայության միջոցով՝ ուժեղացնել համայնքային ծառայության դերակատարությունը և′ բնակիչների, և′ արտաքին աշխարհի համար»: Էմին Երիցյանը շեշտեց՝ 2004-ից՝ համայնքային ծառայության համակարգ ներդնելուց ելել են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հայտնի դրույթից, որ տեղական իշխանություններն ինքնուրույն են ձևավորում իրենց ադմինիստրացիաները. «Սա վերաբերում է նրան, որ պետությունը կարող է կարգավորիչ դեր ունենալ, բայց չպետք է միջամտի»:
ՀՀ ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Արփի Բարսեղյանն ասաց, որ այժմ նախարարությունը կանգնած է երեք մեծ օրենքների նախագծերի իրականացման կիրարկման շեմին և այստեղ կարևոր է համայնքային ծառայողների ակտիվությունը. «Մենք առաջարկել ենք օրենսդրական փոփոխություն, որ համայնքային ծառայողն իրավունք ունենա ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում կատարել այլ վճարովի աշխատանք, ինչն արգելված է քաղաքացիական ծառայողին: Համայնքային ծառայության օրենքի նախագծով առաջարկել ենք ինչպես քաղծառայության ոլորտում, համայնքային ծառայության ոլորտում ևս ունենալ պաշտոնների բարձրագույն խումբ»:
Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արուս Առաքելյանը նկատեց`շատ դեպքերում համայնքային ծառայողներն առնչվում են փակուղային իրավիճակների հետ համայնքային ծառայության օրենսդրության բացերի կամ հակադրությունների պատճառով: Արուս Առաքելյանը հավելեց. «Համայնքային ծառայողներն ապահովում են տեղական ինքնակառավարման մարմիններին իրականացրած լիազորությունները: Վերջին տարիներին բազում օրենսդրական փոփոխություններից հետո նրանց վերապահված են բազում գործառույթներ, որոնց իրականացումը կատարում է աշխատակազմը, բայց դա որևէ կերպ չի անդրադառնում համայնքային ծառայողների աշխատավարձի վրա»:
Համաժողովի ընթացքում քննարկում ծավալվեց համայնքային ծառայության ոլորտի քաղաքականություններին, առկա խնդիրներին ու հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ:
Քննարկվեց նաև Համայնքային ծառայողների համաժողովի կանոնակարգի, խորհուրդ ձևավորելու հարցը: Համաժողովի ավարտին ընդունվեց Համայնքային ծառայողների համաժողովի հայտարարություն: Փաստաթղթում մասնավորապես ամրագրված է. «Հայաստանի համայնքների միության համայնքային ծառայողների համաժողովը որոշում է ստեղծել համայնքային ծառայողներից բաղկացած ներկայացուցչական մարմին՝ խորհուրդ, պահպանելով մարզերի համաչափ ներկայացվածության սկզբունքը: Լիազորում է վերջինիս մշակել Համայնքային ծառայողների համաժողովի կանոնակարգ, մինչև հաջորդ համաժողովի անցկացումը հանդես գալ համայնքային ծառայողների համաժողովի անունից։ Համայնքային ծառայողների համաժողովի խորհուրդը կոչված է պաշտպանել և ներկայացնել համայնքային ծառայողների շահերը, ինչպես Հայաստանի համայնքների միության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս: Համայնքային ծառայողների ներկայացուցչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու, ի թիվս այլոց, համայնքային ծառայողների իրավական կարգավիճակի, նրանց սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանվածության հետ կապված հարցերը»:
Հայաստանի համայնքների միություն