«Էն պաշտոնյանները, որ պարզվի հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրենց «վեշերը» հավաքեն՝ գնան իրենց գործին»,-այսօր կառավարության նիստում ԾԻԳ-երի, հիմնադրամների գործունեության արդյունավետության վերաբերյալ քննարկման ժամանակ բավականին կոշտ ձեւակերպմամբ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ԾԻԳ-երի օպտիմալացման մասին քննարկումը թեժացավ, երբ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց՝ վերանայում են զանազան ԾԻԳ-երի, հիմնադրամների գործունեության արդյունավետությունը, դրանք, տարիներ շարունակ պետական կառավարման համակարգին զուգահեռ՝ կառավարման գործառույթ իրականացնող մարմինների են վերածվել:
Փաշինյանը բավականին խիստ տոնով դիմեց կառավարության անդամներին՝ «Վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարի: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի և պոակիզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք: էդ ինչ ա ԾԻԳ-ը՝ էդ պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է, ամենամեծ օջախները կոռուպցիայի, գնացեք մտեք ցանկացած ոլորտ: Եվ հեսա հերթով կբացահայտվեն դրանք: Ասում են՝ գիտեք՝ նախարարությունները կարողություններ չունեն: Նախարարություններն ուրեմն լուծարենք:Ու ինչի՞ համար ենք պահում էս պետական համակարգն ու պետական պաշտոնյաներին բաժանել ենք սորտերի՝ 1-ին սորտի, 2-րդ սորտի, 3-րդ սորտի: Ու հետո ասում են՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք, երբ որ կան պետական կառավարման համակարգեր, երբ որ մարդիկ ստանում են բոլորից տասը անգամ բարձր աշխատավարձ, ինչ է՝ իրանք արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ էս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, եւ ես հիմա դրան կանդրադառնամ՝ գյուղատնտեսության ոլորտին ենք անդրադարձել, տրանսպորտի ոլորտին: Որ բյուջետային հայտերը քննարկել ենք, բոլոր ոլորտներին անդրադարձել ենք: Եվ այն պաշտոնյաները, որոնք պարզի, որ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից, թող իրենց «վեշերը» հավաքեն, գնան իրանց գործին»:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետի պաշտոնակատարներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը պարզաբանումներ ներկայացրեցին, որոնք սակայն այնքան էլ ընդունելի չէին Փաշինյանի համար:
Ավինյանն անդրադարձավ ֆինանսների նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործունեությունը դադարեցնելուն. «Նույնիսկ եթե այս տարի իրականացրել ենք նախանշված 10 ծրագրերի 50%-ը, ուզում են մինչեւ վերջ հասկանալ՝ այդ կոմունիկացիան Համաշխարհային բանկի հետ իրականացվել է եւ արդյոք 2019-ին չենք ունենա զրո տոկոս իրականացված ծրագիր: Այսինքն՝ եթե այդ կենտրոնի հմտությունների գնահատում իրականացվի, ինչքան կտեւի այդ պրոցեսը եւ արդյոք մինչեւ վերջ ՀԲ-ի հետ մենք համաձայնեցրել ենք պրոցեսը»:
Փաշինյանն արձագանքեց Ավինյանին՝ «Ի՞նչ է նշանակում՝ արդյոք ծրագիրն իրականացվել է: Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, բայց բռնել ու թալանել են ծրագիրը: Եվ լավ է, որ չի իրականացվել, քանի որ դրանով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան… Հերիք ա մեզ ամեն անգամ համաշխարհային բանկով ու չգիտեմ ինչով բերեք որպես վերջնական փաստարկ: Եվ այս մոտեցումը դադարեցրեք»:
Ավինյանի պարզաբանմամբ՝ քանի որ 2 անգամ ՀԲ ներկայացուցիչներն այս հարցը բարձրացրել են, ուզում է հասկանալ՝ մինչեւ վերջ պայմանավորվածություն ունե՞նք ՀԲ հետ:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն էլ այս գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի օրինակը բերեց, իբրեւ դրական, սակայն այն Փաշինյանին ամենեւին էլ դուր չեկավ:
Մանրամասն՝ տեսանյութում
Մհեր Գրիգորյանը վստահեցրեց՝ ՀԲ-ի հետ 2 անգամ խոսել է, վաղը կրկին, բայց վերջնական պետք է խոսի: Գրիգորյանն ասաց, որ այն փաստարկները, որոնք բերում է ՀԲ երեւանյան գրասենյակը, դրանց դեմ հակափաստարկներ ունեն, որովհետեւ իրենց շահերից էլ է բխում, որ մենք ծիգիզմ չունենանք:
Փաշինյանը կրկին խիստ ու զայրացած արձագանքեց՝ փաստորեն Համաշխարհային բանկն ավելի շատ է շահագրգռված կառավարության գործունեության արդյունավետությամբ, քան մեր կառավարությունը, եւ ուրեմն այստեղ պետք է լուրջ հետեւություններ անեն:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ գուցե հայկական կողմը լավ չի բացատրել Համաշխարհային բանկին, դրա համար են նրանք մտահոգ: Խաչատրյանն ասաց, որ վաղը նախատեսվում էր ՀԲ հետ երրորդ հանդիպումը, որտեղ պետք է որ ցրվեին ՀԲ ներկայացուցիչների բոլոր մտահոգությունները. «Այս որոշումը, որը կայացնում ենք, ուժի մեջ է մտնում մարտի մեկից, ինչո՞ւ ենք շտապում այս նիստում կայացնում որոշումը, ոչ թե Համաշխարհային բանկի վաղվա հանդիպումից հետո»:
Փաշինյանն արձագանքեց՝ որովհետև դեռեւս սեպտեմբերին տրված են հանձնարարականներ եւ ոչ մի նշան չկա, որ այդ հանձնարարականներն սկսել են կատարվել. «Իսկ ինչո՞ւ չեք շտապում վարչապետի հանձնարարականները կատարել, կարո՞ղ է որեւէ մեկը բացատրել: Ով որ ուզում է Համաշխարհային բանկի հանձնարարականներն ավելի շուտ կատարել, թող գնա աշխատի համաշխարհային բանկում: Կառավարությունում աշխատողը պետք է կատարի վարչապետի հանձնարարականները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ