Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ ճանապարհը վերանորոգվել է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ՝ դիտարկելով նշված ճանապարհի վերանորոգման աշխատանքները։
Կապալառու կազմակերպությունը՝ «Մոստովիկ» ՍՊԸ և «Մերձմոսկովյան» համատեղ ձեռնարկությունը, վերականգնել է ճանապարհի երթևեկային մասը, վերականգնել ջրահեռացման համակարգը, վերակառուցել ոռոգման ջրագիծը, կառուցել կողնակներ, կատարել մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ և այլն։ Նորոգվել են նաև ճանապարհի վրա գտնվող երկու կամուրջները։
Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանն իր շնորհակալությունն է հայտնում ճանապարհը հիմնանորոգելու համար. ավելի քան 30 տարի այն չէր վերանորոգվել։ Համայնքապետը ցույց է տալիս ճանապարհի նախկին վիճակը պատկերող լուսանկարներ ու ասում, որ վերջապես ազատվեցին փոսերից ու ցեխից։
Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամ Ավագ Պետրոսյանը նկատում է, որ ճանապարհը վերանորոգվել է բարձր որակով, թերություններ չեն նկատվել։ «Աշխատանքները նորմալ կատարվել են, հիմա պետք է ճանապարհը լավ պահպանվի, սա կարևորագույն հարց է։ Պահպանումը համայնքի, մարզի խնդիրն է»,- ասաց պարոն Ավագյանը։
Նշենք, որ ճանապարհը վերանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ