Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում հաղթող չի եղել: Հովքի դպրոցի աշակերտների ծնողները մեզ զանգեցին, որ դեկտեմբերի 12-ին գյուղի ծնողների մի խումբ՝ թվով 6 հոգի, ովքեր գյուղի դպրոցում ավելի քան երկու տասնյակ երեխաներ ունեն, 20 ծնողների դիմումով գնացել են Իջեւան , Տավուշի մարզպետարան, մարզպետ Վահե Ղալումյանին հայտնել, որ իրենք նպատակահարմար են տեսնում տնօրենի պաշտոնում տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանին:
Դեկտեմբերի 12-ին, կեսօրից հետո , մարզպետ Վ. Ղալումյանն այցելել է Հովքի դպրոց, որտեղ հանդիպել է դպրոցի ուսուցիչների հետ: Հովքի դպրոցի աշակերտների ծնողները ցանկացել են հանդիպել մարզպետին, ներկայացնել իրենց նկատառումները, հայտնել, որ այդ դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, այդ դպրոցի տնօրենի թեկնածու Սեդա Ասիրյանը մասնակից է դպրոցում տեղի ունեցած բազմաթիվ օրինախախտումներին, սակայն դպրոցի ուսուցիչները նրանց թույլ չեն տվել հանդիպել մարզպետին:
Ներկայացնում ենք Հովքից ծնողների նկարահանած տեսանյութ, ուր մուգ կարմիր գույնի բաճկոնով Հովքի դպրոցի զինղեկ Հայկ Էդիլյանը դպրոցի միջանցքում վիճաբանում է հովքցի ծնողների հետ:
Մենք խնդրի կապակցությամբ դեկտեմբերի 12-ին եւ 13-ին զանգահարեցինք Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի բջջային հեռախոսահամարին, նրա հեռախոսահամարը անհասանալի էր, զանգահարեցինք մարզպետարան, գործավարուհին ասաց, որ մարզի ղեկավարն իր աշխատավայրում չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ